Նոյեմբերի 5-ի երեկոյան՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 343-րդ օրը, ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարների։ Այս անգամ ձերբակալվել է բանասեր, ուսուցիչ, դասախոս և խմբագիր Ռուսուդան (Ռուսիկո) Կոբախիձեն։
Նա նաև Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիայի գիտաշխատող է։
Ռուսուդան Կոբախիձեն ձերբակալվել է նոյեմբերի 5-ի ժամը 22:12-ին, Քաշվեթիի տաճարի առջև։ Քաշվեթիի մոտ գտնվող ստորգետնյա անցումից դուրս գալու պահին նրան դիմավորել են ոստիկանները։ Նրան նստեցրել են ոստիկանական միկրոավտոբուս և տարել ոստիկանական բաժանմունք։
Ըստ տեղեկությունների՝ նրան մեղադրանք կառաջադրվի վարչական իրավախախտման համար՝ ճանապարհը փակելու մեղադրանքով, որի առաջին խախտման դեպքում, «Վրացական երազանք«-ի օրենսդրության համաձայն, պատիժը մինչև 15-օրյա ազատազրկումն է։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում, ըստ ականատեսների, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նաև «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Լիզա Ցիցիշվիլիին, բայց քիչ անց ազատ են արձակել։