Մեղադրանք բռնաբարության և թրաֆիքինգի ենթարկման կասկածանքով

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ թրաֆիքինգի, բռնաբարության և սպառնալիքների համար: Տեղեկությունը հրապարակել է դատախազության մամուլի ծառայությունը:

Ըստ դատախազության՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ Ռուսթավի քաղաքում մեղադրյալն օգտվել է զոհի հոգեկան վիճակից և սպառնալիքների ու բռնության միջոցով ստիպել է նրան աշխատել իր համար:

«Մասնավորապես, մեղադրյալը գրեթե ամեն օր ստիպել է զոհին ողորմություն խնդրել և ամբողջ գումարը խլել է: Դիմադրության կամ իրեն չբավարարող եկամտի դեպքում մեղադրյալը սպառնացել է ծեծել և սպանել զոհին: Հետաքննությունը նաև պարզել է, որ մեղադրյալը բազմիցս բռնաբարել է զոհին», — նշված է դատախազության հաղորդագրության մեջ: