Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները Գերագույն դատարանում կբողոքարկեն Ամաղլոբելիի գործով Քութաիսիի վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը։
Նոյեմբերի 18-ին Քութաիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Բաթումիի քաղաքային դատարանի կայացրած 2 տարի ազատազրկման վճիռը։
Դատավճիռն ստանալուց հետո փաստաբանները 2 շաբաթ ժամանակ ունեն վերաքննիչ որոշումը Գերագույն դատարան բողոքարկելու համար։
Մզիա Ամաղլոբելիի փաստաբան Ջուբա Քաթամաձեն «Բաթումելեբի»-ին հայտնել է, որ ընթացակարգային առումով պաշտպանության և դատախազության բողոքները նախ կներկայացվեն Քութաիսիի վերաքննիչ դատարան, որից հետո կողմերին կտրվի վերջնաժամկետ՝ իրենց պատասխանները ներկայացնելու համար։ Դրանից հետո վճռաբեկ բողոքները, պատասխանը և ամբողջական գործը կուղարկվեն Գերագույն դատարան։
Օրենքի համաձայն, ժամկետը կսկսի հաշվարկվել գործը Գերագույն դատարանում մուտքագրվելու պահից։
Գերագույն դատարանն ունի 6 ամիս ժամանակ գործը քննելու և վերջնական որոշում կայացնելու համար։