Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է միգրացիոն հարցերին և օտարերկրացիների՝ Վրաստանում գտնվելու պայմաններին։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ փոխվում են օտարերկրյա դատապարտյալների պատժի կրման պայմանները։ Ավելի հստակ՝ Վրաստանը երկրից կարտաքսի օտարերկրյա դատապարտյալներին և կարգելի նրանց մուտքը երկիր։
Համապատասխան նախաձեռնությունը ՆԳՆ-ն խորհրդարանին կներկայացնի առաջիկայում, ինչից հետո պարզ կդառնա՝ բոլո՞ր օտարերկրյա դատապարտյալներն են արտաքսվելու երկրից։
«Օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է օտարերկրյա դատապարտյալի պատժի չկրած մասի փոխարինում Վրաստանից արտաքսմամբ և երկիր մուտքի արգելքով՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանմամբ։
Օրենսդրական փոփոխություններով՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման ու խափանման նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտին կշնորհվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման լիազորություն։
Օրենսդրական փոփոխությունների փաթեթով զգալի փոփոխություններ են իրականացվում նաև դատավարական մասում։ Մասնավորապես, կրճատվում են որոշումների բողոքարկման վերջնաժամկետները, սահմանվում են գործերի քննության սեղմ ժամկետներ, և որոշ դեպքերում հնարավոր է դառնում գործերի քննությունն առանց բանավոր լսումների։
Ներկայացված օրենսդրական փոփոխությունները, որոնք պատրաստվել են Ներքին գործերի նախարարության հեղինակությամբ՝ Արդարադատության նախարարության և Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, պատասխանում են ժամանակակից միգրացիոն մարտահրավերներին և ապահովում են Վրաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնակարգման ավելի արդյունավետ, թափանցիկ և անվտանգ համակարգի ձևավորումը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ նույն օրենսդրական փոփոխությունների փաթեթով քրեական պատասխանատվություն է սահմանվում Վրաստանի քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու միջև կեղծ (ֆիկտիվ) ամուսնության համար՝ Վրաստանի քաղաքացիություն կամ կացության իրավունք ստանալու նպատակով։ Նշված հանցագործության համար առավելագույն պատժաչափը կլինի մինչև 2 տարի ժամկետով ազատազրկումը։