Հարկային արտոնությունների ավելացում միայնակ ծնողների համար․ նախագիծը ներկայացվել է խորհրդարան

«Վրաստանի համար» խմբակցությունը դիմել է խորհրդարանին՝ միայնակ ծնողների համար սահմանված հարկային արտոնությունների ավելացման նախաձեռնությամբ։

Ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ, որոնց համաձայն՝ միայնակ ծնողներին եկամտահարկից ազատելու 3000 լարիի շեմը բարձրացվում է մինչև 15 հազար լարի։

Գործող հարկային օրենսդրությունը նախատեսում է ֆիզիկական անձանց որոշակի կատեգորիաների ազատում եկամտահարկով հարկումից։ Նրանց թվում են միայնակ ծնողները, որոնք տարեկան մինչև 3000 լարի եկամուտ ունենալու պայմաններում ազատված են եկամտահարկից։ Ինչպես պարզաբանում են նախաձեռնողները, նշված շեմը չի ապահովում արտոնության արդյունավետությունը։ Մասնավորապես, տարեկան 3000 լարին ամսական կազմում է միջինում 250 լարի։ Հետևաբար, 20% եկամտահարկի պայմաններում այս արտոնության կիրառման առավելագույն հարկային ազդեցությունը մեկ շահառուի համար տարեկան կազմում է 600 լարի, իսկ ամսական՝ միջինում 50 լարի։

«Այս ծավալի հարկային արտոնությունը փաստացի ազդեցություն չի ունենում միայնակ ծնողի տնօրինվող եկամտի վրա և չի ստեղծում բավարար տնտեսական ազդեցություն՝ ընտանիքի ֆինանսական վիճակը թեթևացնելու համար», — հայտարարում են օրենքի նախագծի հեղինակները։