Վրաստանի կառավարությունում չեն հաստատում վարչապետի հրաժարականը

Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Լևան Իզորիայի հրաժարականից հետո վրացական մամուլում լուրեր են տարածվում, թե առաջիկա օրերին այս պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Գիորգի Գախարիան, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնին կվերադառնա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վրաստանի կառավարության անդամները, սակայն չեն հաստատում նախարարների կաբինետում սպասվող փոփոխությունների մասին տարածված տեղեկատվությունը:

«Սխալ տեղեկատվություն ունեք»,- այսպես է այսօր լրագրողներին պատասխանել Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին:

Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխությունները չի հաստատել նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ով տարածված լուրերն անվանել է «Սև PR, որն արվում է կառավարությունում անկայունության մասին պատրանք ստեղծելու նպատակով, որն, իհարկե, սուտ է»: