Տեսանյութ․ Վրաստանում Կորոնավիրուսի դեպք չկա․ Մասնագետներն ասում են՝ պատրաստ են ցանկացած զարգացման

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում խիստ ստուգումներ են, ժամանող բոլոր ուղևորներն առանց բացառության, ջերմության սկրինինգ և ընդհանուր հետազոտություն են անցնում։

38 և բարձր ջերմության դեպքում ուղևորին ուղարկում են վարակաբանի մոտ, իսկ հազի, ընդհանուր թուլության դեպքում տեղափոխվում է ինֆեկցիոն կլինիկա՝ առավել խոր հետազոտման։ Հատկապես մեծ է ուշադրությունը Չինաստանից ժամանածների նկատմամբ։ Նույնիսկ ջերմության բացակայության դեպքում նրանք 14 օր հսկողության տակ կլինեն։

Այս ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների՝ Չինաստանում վիրուսից վարակվածների թիվը հասել է 2744-ի։ Արդեն 80 մարդ մահացել է, ովքեր հիմնականում տարիքով ու լուրջ հիվանդություններով տառապողներ էին, չեղարկվել են ամանորյա բոլոր միջոցառումները, արգելվել է մարդկանց ելումուտը Վուհան քաղաքում, որտեղից սկիզբ է առել չինական նոր վիրուսը։ Մնացած քաղաքներում մարդկանց շփումը նվազագույնի է հասցված։

Վրաստանում վարակի դեպք չկա։ Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի տարածումը տեսականորեն չեն բացառում։ Հաշվի առնելով համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհրդատվությունները, հնարավորինս մոբիլիզացվել են պատասխանատու բոլոր կառույցները։ Ժամանակի ընթացքում վարակը կարող է փոփոխվել, տարբեր տարիքային խմբերի համար ռիսկերը տարբեր են։

Ըստ մոտավոր հաշվարկների՝ ամսվա ընթացքում Չինաստանից Վրաստան 4000-5000 քաղաքացու մուտք է գրանցվել։ Այս պահին Չինաստան -Վրաստան ուղիղ չվերթները չեղարկվել են՝ անհայտ ժամկետով։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չվերթների հետ կապված հետագա գործողությունները հստակեցնելու համար հատուկ խումբ է ձևավորվել, համագործակցելով միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։ Պետությունը հորդորում է Վրաստանի քաղաքացիներին՝ հնարավորինս խուսափել Չինաստան այցերից։ Այս փուլում ապրանքի առևտրի հետ կապված որևէ սահմանափակում չկա։

Արգելվել է Չինաստանից կենդանիների ներմուծումը։ Արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը Չինաստանը չհայտարարի անվտանգ գոտի։ Չինաստանից Վրաստան ներմուծվում էին դեկորատիվ կրիաներ ու ձնկներ։