Բեռլինը Թբիլիսիին կոչ է անում չխոչընդոտել եվրոպական ապագային

Վրաստանի կառավարությունը պարտավոր է «դիտավորյալ» չխոչընդոտել դեպի եվրոպական ապագա երկրի ուղուն։ Այս մասին X սոցցանցում գրում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն այսպիսով արձագանքում է Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերին, որոնք առնչվում են խորհրդարանում երկրի իշխող կուսակցության նախաձեռնած «գործակալների օրենքին»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X-ում գրում է, որ Վրաստանում հազարավոր մարդիկ ամեն գիշեր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պաշտպանելու խոսքի ազատությունը և ակտիվ քաղաքացիական հասարակությունը։

«Վրաստանում հազարավոր մարդիկ ամեն գիշեր բողոքում են խոսքի ազատության և ակտիվ քաղաքացիական հասարակության համար: Եվրամիության թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է: Վրաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում միտումնավոր չխոչընդոտելու երկրի ճանապարհը դեպի եվրոպական ապագա»,- նշված է X-ում:

Ի դեպ, «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», «Վրացական երազանքը» խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից` խոստանալով չվերադառնալ նախագծին։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 15-ին պաշտպանել է «գործակալների օրենքը», իսկ ապրիլի 17-ին` խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Ապրիլի 15-ից հետո Թբիլիսիում հանրահավաքներ են ընթանում։ Քաղաքացիներն ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։