«Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

Պատելին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ Կոնգրեսում այս հարցի շուրջ քննարկում եղել է, ինչին ի պատասխան նա ասել է, որ մտադիր չէ մեկնաբանել Կոնգրեսում որևէ խորհրդակցություն՝ միաժամանակ կրկնելով, որ «օրինագծի բովանդակությունը աներևակայելի մտահոգիչ է» և նմանօրինակ օրինագիծ կա Կրեմլում և այն երկրներում, որտեղ «հետապնդում են լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»։

«Կարծում ենք, որ նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ, ինչի մասին Վրաստանն ինքը հայտարարել է, որ շահագրգռված է նման ապագայով»,- ասել է Պատելը։

Ի դեպ, ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Բանաձևի ամբողջական տեքստի հետ մեկտեղ, որտեղ ասվում է, որ Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ «գործակալների մասին օրենքն» ուժի մեջ է, Եվրախորհրդարանը քվեարկեց հետևյալ փոփոխությունների օգտին.

  • Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության խորհրդին և Եվրամիության գործընկերներին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որը «ևս մեկ անգամ փորձում է խաթարել երկրի արևմտյան կուրսը հօգուտ Ռուսաստանի շրջելու», և «որը գործում է իր ժողովրդի շահերի դեմ»։
  • Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին գնահատել «գործակալների իրավունքի» ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման վրա, հատկապես՝ հիմնարար իրավունքների մասով, «որը Եվրոպական միության երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության ամենակարևոր բաղադրիչն է»,
  • Կոչ է անում «Վրացական երազանքին» հետ կանչել սահմանադրական փոփոխությունների տեսքով նախաձեռնված նախագիծը, որը «սահմանափակում է ԼԳԲՏ իրավունքները և հարձակվում է ոչ միայն ԼԳԲՏ համայնքի, այլև խոսքի ազատության և ազատ քաղաքացիական հասարակության վրա»։
  • Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին «մարդասիրական նկատառումներով և հնարավորություն տալ նրան բուժում ստանալ արտերկրում»։

Բանաձևին կողմ է քվեարկել 425, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։ Եվրախորհրդարանի բանաձևը պարտադիր կատարման չէ: Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը պետք է ընդունի Եվրամիության խորհուրդը, իսկ Եվրահանձնաժողովը պետք է որոշի, թե՝ արդյոք պետք է ուսումնասիրի օրենքի ազդեցությունը վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման վրա։

Վրաստանի խորհրդարանը, չնայած բազմաթիվ բողոքի ցույցերին, 2024 թվականի ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Խորհրդարանի տվյալներով, օրենքը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ակնկալվում է ընդունել մայիսի 17-ին։

Վրաստանի գործընկեր երկրների ու կազմակերպությունների գնահատմամբ՝ գործակալների օրենքը կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, իսկ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն «եվրոպական է»։

Պատժամիջոցներ Իվանիշվիլիին, վիզային ռեժիմի հարցը կվերանայվի. ԵԽ բանաձևն ընդունվեց