Վրաստանի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունները համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն. սա հայտնի է դարձել երեկ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի և նրա ադրբեջանցի գործընկեր Մաջնուն Մամեդովի հանդիպումից հետո։
Նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ «հանդիպման ընթացքում որոշվել է գյուղատնտեսության ոլորտում երկրների միջև համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար աշխատել աշխատանքային խմբի ձևաչափով»։
«Մենք համաձայնեցինք ստեղծել մեր նախարարությունների համատեղ աշխատանքային խումբ։ Կարծում ենք, այս համատեղ աշխատանքային խումբը կնպաստի մեր երկրների միջև համագործակցությանը, մասնավորապես՝ գյուղատնտեսության և սննդի ոլորտներում։ Մենք խոսեցինք գյուղատնտեսության ոլորտում առևտրի ընդլայնման մասին, իհարկե, սա կարևորագույն և հիմնական թեմաներից մեկն էր, որը քննարկեցինք նախարարի հետ հանդիպման ժամանակ», — ասել է Ադրբեջանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովը։
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում երկրների միջև ապագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է սննդի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի, գիտահետազոտական և ոլորտային կրթական ծրագրերում համագործակցության, գիտելիքների և փորձի փոխանակման կարևորությունը։