«Ֆորմուլա»-ն և TV Pirveli-ն տուգանվել են

Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովը «Ֆորմուլա» և TV Pirveli հեռուստաալիքներին տուգանել է, համապատասխանաբար, 7500 և 2500 լարիի չափով՝ եթերում ապրանքի տեղադրման կանոնակարգը խախտելու համար։

Հանձնաժողովը պարզել է, որ երկու ծրագրերն էլ «չափազանցված շեշտադրում» են կատարել ապրանքների վրա, ինչն ազդել է հաղորդումների բովանդակության վրա։ Հեռարձակումները ներառել են տեղեկատվություն ապրանքի առկայության մասին, և «Ֆորմուլա»-ն նաև գնման կոչ է արել։

Ըստ հանձնաժողովի եզրակացության` «TV Pirveli»-ն խախտել է հովանավորության կանոնակարգը. հիշատակումը պարունակել է գովազդի տարրեր, ինչը հակասում է «Հեռարձակման մասին» օրենքին։

Հանձնաժողովն ընդգծել է, որ «Ֆորմուլա»-ի տուգանքը երեք անգամ ավելի բարձր է, քանի որ հեռարձակողն այս տարի արդեն ստացել է մեկ տուգանք և մեկ նախազգուշացում: