Իրանից Հայաստան մտնող բեռնատարից առգրավվել է 161 կգ հերոին։ Թմրանյութերը նախատեսված էին Վրաստան տեղափոխելու համար, հաղորդել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ պետական եկամուտների ծառայությանը։
Տեղեկության համաձայն՝ հայ-իրանական սահմանի «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային աշխատակիցները ռենտգենյան սարքավորումների միջոցով ստուգել են Հայաստան մտնող կցորդով բեռնատարը, որի արդյունքում կասկածներ են առաջացել կցորդի առջևի մասում թաքցրած առարկայի առկայության վերաբերյալ.
«Մանրակրկիտ ստուգման ընթացքում հայտնաբերվել է 322 փաթեթ՝ ընդհանուր 161 կիլոգրամ քաշով։ Փաթեթները պարունակում էին հերոին թմրանյութ»։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բեռնատարը վարել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, որը «ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով և տարվել Սյունիքի շրջանի քննչական վարչություն։ Դատարանի որոշմամբ կալանավորվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առգրավված հերոինը նախատեսված էր Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։