Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը կոչ է արել Վրաստանի կառավարությանը հրապարակել անցյալ տարվա բողոքի ցույցերի ժամանակ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ իր անցկացրած հետաքննության արդյունքները։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հրապարակել այդ մեղադրանքների վերաբերյալ իրենց անցկացրած հետաքննության արդյունքները և շարունակում ենք կոչ անել պաշտպանել հավաքների ազատության իրավունքը և պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատուներին», — ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, որտեղ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Չեփմանը Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի անունից պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատժամիջոցներ են նախատեսվում վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Վրաստանի կառավարությունն արգելված քիմիական նյութեր է օգտագործել 2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բողոքի ցույցերը ցրելու համար։
Հիշեցնենք. Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ «կամիտ»-ի հնարավոր օգտագործման վերաբերյալ ոստիկանության հետաքննությունն ավարտվել է։ Ծառայությունը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ՆԳՆ-ն երբեք «կամիտ» չի գնել։ Ըստ «Վրացական երազանք»-ի` 2024 թվականի դեկտեմբերի սկզբին բողոքի ցույցերի ժամանակ օգտագործված նյութը «քլորբենզիլիդեն մալոնոնիտրիլ» է եղել։
BBC-ի վերջերս անցկացրած հետաքննությունը լուրջ ապացույցներ է ներկայացրել, որ «Վրաստանի իշխանություններն արգելված քիմիական նյութեր են օգտագործել Վրաստանի քաղաքացիների դեմ 2024 թվականին հակակառավարական բողոքի խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ»։