«Մենք ժամանակավոր կասեցրել ենք վերգետնյա մետրոյի նախագիծը, քանի որ այս փուլում մետրոյի «Ախմետելի թատրոն» և «Վարկեթիլի» կայարանների գծերի երկարացումն ավելի առաջնահերթ է», — Թբիլիսիի քաղաքային խորհրդում հարցուպատասխանի ժամանակ ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ այդ նախագիծը ձեռնարկողը նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն է։
«Մենք մի շարք պարզաբանումներ ենք տվել այս հարցի վերաբերյալ։ Վերոնշյալ նախաձեռնությունը պատկանում է նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեին։ Քաղաքապետարանին հանձնարարվել էր ուսումնասիրել շուկան, անցկացնել տեխնիկական և տնտեսական ուսումնասիրություններ և պատրաստել նախագիծը։ Մենք վարձել ենք եվրոպական ընկերություններ, որոնք իրականացրել են ուսումնասիրությունը, և նախագիծը կարժենա մոտավորապես 300 միլիոն եվրո։ Երբ սկսեցինք քննարկել այդքան մեծ գումար ծախսելու նպատակահարմարությունն այդ նախագծի վրա, եթե կա մետրոյի «Ախմետելի թատրոն» և «Վարկեթիլի» կայարանների գծերի երկարացման անհետաձգելի անհրաժեշտություն, որոշում կայացրինք ժամանակավորապես կասեցնել այս նախագիծը։ Մենք ամեն ինչ քննարկել ենք և ուշադրություն ենք դարձրել առաջնահերթություններին», — ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Ինչ վերաբերում է Վակեի այգուն, ապա մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ հիմնական վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտվել են, և մնում է «Կասկադ» նախագիծը, որը կիրականացնի արտասահմանյան ընկերությունը։