Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալաիայի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մեիա Մելքաձեն։
Ախալաիան ասել է, որ Պետական անվտանգության ծառայությունում իրեն սպառնացել են ձերբակալել կնոջը, եթե ցուցմունք չտա Պաատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի և հոկտեմբերի 4-ի ակցիայի գործով ձերբակալված մյուս անձանց դեմ։ Ախալաիան լքել է դատարանի դահլիճը՝ որպես բողոքի նշան այն բանից հետո, երբ դատավորը բավարարել է դատախազի փակ նիստ անցկացնելու միջնորդությունը։
«Վրացական երազանք»-ի օրոք ինը տարի ազատազրկման դատապարտված նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալաիան կրկին ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցի ժամանակ «խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու» համար, ինչը նախատեսում է մինչև ինը տարի ազատազրկում։