Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են «երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները»։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերն ընդգծել են հաջորդ տարի բարձր մակարդակի քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։ Նրանք նաև քննարկել են «տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցեր և ողջունել են այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերը»։
«Նրանք գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը հարցի ժամանակին լուծման համար», — ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ նախարարներն ամփոփել են անցած տարին և քննարկել երկրների միջև ռազմավարական նշանակություն ունեցող ընթացիկ նախագծերը, նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հեռանկարները։