Հունվարի 6-ի երեկոյան՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծննդից առաջ, Երրորդության տաճարում (Սամեբա) ավանդաբար ընթերցվեց Վրաստանի պատրիարք Իլիա II-ի ուղերձը, որի մի մասը նվիրված է սիրուն, ազատությանը և խոսքի ազատությանը։
«Այսօր բոլորը խոսում են սիրո և ազատության մասին, բայց անուղղելի սխալ են թույլ տալիս նրանք, ովքեր մեղքի սերն ու մեղավոր կյանքը հավասարեցնում են իրական սիրո հետ, և նրանք, ովքեր ամեն ինչի իրավունքը համարում են ազատություն։
Խոսքի ազատության չարաշահումը մեր ժամանակների ամենադժվար փորձություններից է, որը կարող են հաջողությամբ հաղթահարել միայն նրանք, ովքեր կարողանում են արժանիորեն քայլել դեպի Տերը՝ արդարության, համբերության և ներման միջոցով, ովքեր, չնայած իրենց մեղքերի ծանրությանը, դեռևս տեսնում են Աստծո պատկերը ցանկացած մարդու մեջ և չարին չարով չեն պատասխանում», — ասված է ուղերձում։