Նահանջ ԵՄ ճանապարհից. հուլիսի 8-ի բռնությունների ժամանակագրությունն ու արձագանքները

Հուլիսի 8-ին Tbilisi Pride-ի հպարտության շաբաթն ամփոփող Tbilisi Pride Fest 2023-ը, որ պետք է անցկացվեր փակ տարածքում՝ Թբիլիսիի Lisi Wonderland-ի հարակից տարածքում,  հոմոֆոբ, հակաարևմտյան բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման պատճառով չեղարկվեց: Հոմոֆոբ և բռնություն գործող խմբերը ներխուժեցին Lisi Wonderland-ի հարակից տարածք, ավերեցին, վնասեցին գույքն ու առկա իրերը, իսկ փառատոնի մասնակիցներն էվակուացիոն ավտոբուսներով հարկադրված լքեցին տարածքը:

Չեղարկված փառատոնի ժամանակագրությունն ու արձագանքները

Տարհանված կազմակերպիչները կարծում են, որ ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակումը Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ռուսամետ, բռնություն քարոզող «Ալտ-Ինֆո» կազմակերպության համատեղ գործողությունն էր։

ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակված բռնի խմբերը հավաքվել են երկու վայրում՝ ժամը 12:00-ին. ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներն ու կողմնակիցները Թբիլիսիում Վաժա Փշավելայի հուշարձանի մոտ, իսկ պահպանողական «Վրաստանն առաջին հերթին» շարժման առաջնորդ Վատո Շաքարաշվիլին և կողմնակիցները՝ Lisi Wonderland-ի հարակից տարածքում:

Բռնի և հոմոֆոբ երկու ուժերն էլ հայտարարեցին, որ թույլ չեն տա Tbilisi Pride-ն անցկացվի և Նուցուբիձեի սարահարթով երթով շարժվեցին դեպի Lisi Wonderland-ի տարածք։ Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի հանրահավաքի երկու հազար մասնակիցներին ոչ ոք չի խանգարել հասնել այն վայր, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը։ Ոստիկանները հետևում էին հանրահավաքի մասնակիցներին։

Այդ ժամանակ փառատոնի տարածքում արդեն մոբիլիզացված էին ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, որոնք անվտանգության երաշխիքներ էին տալիս ակտիվիստներին։ Սակայն իրավիճակն անմիջապես լարվեց, երբ այնտեղ հասավ հրոսակախումբը և սկսեց ճեղքել ոստիկանական շղթան։ Ժամը 15:00-ին ոստիկանությունը փառատոնի փակ տարածքում գտնվող ակտիվիստներին ասել է, որ պետք է արագ տարհանվեն իրենք, քանի որ ճեղքվել է շրջափակումը, և ոստիկանությունը չի կարողանա պաշտպանել նրանց։ Tbilisi Pride-ի անդամներին և լրագրողների մի մասին ոստիկանները տարածքից տարել են միկրոավտոբուսներով։

Դրանից հետո ռուսամետ խմբերը գրոհել են փառատոնի տարածք։ Այրել են ԼԳԲՏ, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, ոչնչացրել են սարքավորումները։ Ոստիկաններն այս բռնի գործողություններին չեն միջամտել:

Ոստիկանությունը մի քանի հոգու հեռացրել է փառատոնի տարածքից, բայց հայտնի չէ` ձերբակալվել են նրանք, թե ոչ։ ՆԳՆ-ն ձերբակալվածների մասին դեռ հաղորդագրություն չի տվել։ ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ասել է, որ Tbilisi Pride փառատոնը նախատեսված էր անցկացնել «լայն տարածքում», և դրա պատճառով էլ ՆԳՆ-ն չի կարող ապահովել փառատոնի անվտանգ անցկացումը։

Lis Wonderland-ի տարածքում դեռ չճշտված տեղեկատվության համաձայն՝ լոգիստիկ և բաշխիչ ընկերություններից մեկի վնասը, նախնական հաշվարկով, կազմել է 10-15 հազար լարի միայն խմիչքների առանձին տեսակների համար։

Դեպի ԵՄ ճանապարհը փառատոնի խափանումը չէ. միջազգային արձագանքները

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է Թբիլիսիում փառատոնի խափանումը հրոսակախմբերի կողմից և կոչ է արել վրացական իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

ԱՄՆ դեսպանատունը և Եվրամիության ներկայացուցչությունը իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր խախտել են օրենքը: Ըստ նրանց՝ հիասթափեցնող է տեսնել, որ անվտանգությունն ու հավաքների ազատությունը հնարավոր չէ ապահովել։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնն ասել է՝ ինքն ապշած է, որ չնայած նախապատրաստական ​​աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, Tbilisi Pride Fest 2023-ը տապալվեց:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի խոսքով, ուլտրաաջ ծայրահեղականները հերթական անգամ բռնությամբ խախտել են Վրաստանում հավաքների և արտահայտվելու ազատությունը։

Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան ասել է՝ դեպի Եվրամիություն ճանապարհը փառատոնի խափանումը չէ։

Ըստ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի՝ խախտվել է խաղաղ հավաքների ազատությունը։

Խախտվել է Վրաստանի Սահմանադրությունը. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, հուլիսի 8-ին խախտվել է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված երկու պայման.

  • 17-րդ հոդվածը` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք,
  • 21-րդ հոդվածը` կա հավաքների ազատության իրավունք։

Նախագահի խոսքով, իրականությունն առավել տագնապալի է.

«Իրականում, հրահրելով այս ամենը և չդատապարտելով այդ գործողությունները կամ ատելության խոսքը, իշխող կուսակցությունը, խորհրդարանի մեծամասնությունը վերսկսում է բռնությունը և պատասխանատվություն է կրում բոլոր հետևանքների համար»:

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է հուլիսի 8-ին հոմոֆոբ խմբերի կողմից Tbilisi Pride Fest 2023-ի չեղարկման փաստին կարճ հայտարարությամբ, ըստ որի` չնայած նախնական պայմանավորվածությանը, որ ՆԳՆ-ն կապահովի միջոցառման անվտանգ անցկացումը և կձեռնարկի բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ եզրափակիչ միջոցառումը ձախողվեց:

Ոստիկանությունը «պատշաճ կերպով ապահովել է փառատոնի մասնակիցների անվտանգությունը». Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, ոստիկանությունը «պատշաճ կերպով ապահովել է փառատոնի մասնակիցների անվտանգությունը»: Խորհրդարանի նախագահը դատապարտել է բռնությունը և նշել, թե կարևորն այն է, որ մարդիկ չվնասվեն։ Պապուաշվիլիի խոսքով, ագրեսիայի բացահայտումը խնդիր է, թեև ոստիկանությունը հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ:

Պետք է ազատվել ռուսական իշխանությունից. ընդդիմադիրներ 

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիայի խոսքով, նողկալի կադրերը, որ բոլորը տեսել են, Իվանիշվիլիի ռեժիմի դեմքն է։ Իսկ այն մարդիկ, ովքեր խափանել են փառատոնը, իսկ հետո թալանել են անցկացման վայրը, Իվանիշվիլիի ռեժիմի մաս են կազմում և նրանց գործիքներն են: Ըստ նրա՝ սա միայն մեկ խմբի խնդիր չէ, այլ նաև ուղղված է Վրաստանի և նրա բոլոր քաղաքացիների ապագայի, ազատության ու պետականության դեմ։

Խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Թեոնա Աքուբարդիան նշել է՝ հուլիսի 8-ի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրեն և հասարակությանը, որ իշխող «Վրացական երազանքը» հիմնված է ծայրահեղ ռադիկալ, ռուսամետ խմբավորումների վրա, նրա իշխանությունը հենց այդ մարդկանց վրա է։

Նրա մեկ այլ գործընկեր՝ անկախ պատգամավոր Խատիա Դեկանոիձեն ասել է, որ եթե ընդդիմությունը փողոցում լիներ՝ կփակեին բոլոր մուտքերը։

«Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով, երկրում ոստիկանությունը պաշտպանում է Իվանիշվիլիին, նրա իշխանությունը և երկրի զարգացման վեկտորի սողացող փոփոխությունը դեպի Ռուսաստան։

«Դրոա» կուսակցությունը հայտարարել է իր լիակատար աջակցությունը բոլոր ԼԳԲՏ մարդկանց և Tbilisi Pride-ի թիմին և հայտարարում է, որ իրենք ամեն կերպ պաշտպանելու են հավաքների և արտահայտվելու սահմանադրական իրավունքը` նույնիսկ ֆիզիկապես։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի խոսքով, հուլիսի 8-ի իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ երկրում պետական ​​կառույցները չեն կարող կատարել իրենց գործառույթը, նրանք ենթարկվում են կուսակցությանը և գործում են ըստ քաղաքական օրակարգի: Ըստ նրա՝ իշխանությունը, որն անբաժան է բռնության խմբավորումներից, խաբել է ժողովրդին, թե կպաշտպանի իրենց, որպեսզի հնարավորինս շատ բռնություն գործադրող մարդկանց բերի հավաքատեղի, այնուհետև դա տոնի որպես իրենց հաղթանակ։

ՆԳՆ-ի հանդուրժողական քաղաքականությունը տագնապալի է. ՀԿ-ներ

Վրաստանում գործող 13 հասարակական կազմակերպություններ արձագանքել են 2023 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցած իրադարձություններին և համատեղ հայտարարություն արել, ըստ որի` ատելության խմբերի նկատմամբ ՆԳՆ-ի հանդուրժողական քաղաքականությունը տագնապալի է։

Նրանց խոսքով, ոստիկանության կողմից սահմանադրական պարտավորությունները կատարելու և հանրային անվտանգությունը պաշտպանելու համար կանխարգելիչ և հանցագործությունների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ թույլ է տալիս նրանց միջամտել հավաքների և այլոց արտահայտվելու ազատությանը, անարգել բռնության կոչեր տարածել, նման գործողություններ իրականացնել։

Պետությունն ուժ է կիրառում միայն ռուսական օրենքները պաշտպանելու համար. փորձագետներ

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով, պետությունը գոյություն չուներ 2021 թվականի հուլիսի 5-ին, 2023 թվականի հուլիսի 8-ին:

«Նա ուժ է կիրառում միայն Գավրիլովին, նրա նմաններին և ռուսական օրենքները պաշտպանելու համար»,- նշել է Նանուաշվիլին:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին նկատել է՝ Քրիստոսի անունով բռնությունը և մարդկային պարտադրանքը քրիստոնեության ուղիղ հակադրությունն է: Նրա խոսքով, նման բան անողներն ուղղակիորեն խախտում են երրորդ պատվիրանը.

«Վրաստանի ՆԳՆ-ն ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ ապահովելու մի խումբ մարդկանց անվտանգ հավաքույթը սահմանափակ փակ տարածքում, սակայն իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հրոսակախմբերը գործում են իրենց հետ համակարգված: Լիսիում տեղի ունեցածի պատասխանատվությունն ուղղակիորեն կրում են իշխող կուսակցությունը և նրա բռնություն գործող խմբերը»: