Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների համար մեղադրվող բժիշկ Գիորգի Չախունաշվիլին հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը. նա պնդել է, որ ինքը կատարել է իր մասնագիտական պարտականությունը։
«Կարծում եմ, գնալով այնտեղ` փրկեցի որոշակի թվով մարդկանց»,- հայտարարել է Չախունաշվիլին:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների ժամանակ նա ամեն ինչ ճիշտ է արել, նաև հավելել է, որ այսօր էլ նույնը կաներ։
«Կադրերից երևում է, որ գտնվում եմ պալատի նախագահական վարչակազմի բակում, և ես դա չեմ հերքում։ Ես կատարում էի իմ մասնագիտական պարտականությունը։ Կարծում եմ, այնտեղ գնալով փրկեցի որոշակի թվով մարդկանց։ Այսօր էլ նույնը կանեի, ամեն ինչ ճիշտ եմ արել։
Այո, կադրերից երևում է, որ ձեռքս թափահարում եմ, սա և մնացած բոլոր գործողությունները բժշկական գործողություններ էին։ Ամեն ինչ, ինչ արել եմ, արվել է բարու համար։ Այնտեղ կռիվ կամ վեճ չի եղել», — հայտարարել է Գիորգի Չախունաշվիլին։
Ի դեպ, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Գիորգի Չախունաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ զավթելու խմբակային փորձ) և 225 հոդվածի 2-րդ մասի (խմբակային բռնության մասնակցություն) հատկանիշներով, որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են մինչև վեց տարի ազատազրկում: