Մարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»

ԵՄ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությամբ՝ Եվրամիությունը փորձում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ կապակցվածության օրակարգի շրջանակներում, սակայն այս մասով նույնպես կան պայմաններ: Այս մասին նա խոսել է ընդլայնման ֆորումի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

«Բնակչության 80%-ն աջակցում է Եվրամիությանն անդամակցելուն, և սա այն է, ինչի վրա մենք կարող ենք հենվել: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ճիշտ ուղղությամբ ընթանա: Ընդլայնման զեկույցում հստակ շարադրված է, թե ինչ ենք ակնկալում կառավարությունից:

Ուրիշ ի՞նչ ուղղությամբ կարող ենք համագործակցել Վրաստանի հետ: Դա հատկապես վերաբերում է կապակցվածության ոլորտին: Ինչպես գիտեք, կապակցվածության օրակարգն այսօր Եվրահանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Նկատի ունեմ այն, թե ինչպես բարելավել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, իսկ Վրաստանը, բնականաբար, գտնվում է այդ ճանապարհին: Սակայն որոշակի պայմաններ կան նաև այս ուղղությամբ:

Ինչպես գիտեք, Եվրահանձնաժողովի նախագահը Եվրամիության վիճակի մասին տարեկան ուղերձում հայտարարել է, որ հաջորդ տարվա գարնանը Բուլղարիայում տեղի կունենա կապակցվածության գագաթնաժողով, և հուսով եմ, որ այս հարցը քննարկելու համար կժամանեն բոլոր առաջնորդները: Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա այն կարևորագույն գործընթացներից, որոնք մենք իրականացնում ենք առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում: Անցյալ շաբաթ Քիշնևում մասնակցում էի թվային կապակցվածության համաժողովին, որտեղ հրավիրել էինք նաև Վրաստանի ներկայացուցիչներին, սակայն նրանք չցանկացան գալ: Չնայած դրան՝ մենք նրանց կրկին կհրավիրենք: Հավատում եմ, որ ներգրավվածությունը պետք է պահպանենք, բայց, իհարկե, արդյունքներ պետք է տեսնենք նաև նրանց կողմից»,- հայտարարել է Կոսը:

Նոյեմբերի 16-ին, Բրյուսելում ընթացել է ընդլայնման ֆորումը և միջտարածաշրջանային անվտանգության ու կապակցվածության նախարարական հանդիպումը: Միջոցառումներին մասնակցել են Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի նախարարները: Վրաստանը ներկայացված չէ ձևաչափերից և ոչ մեկում, քանի որ հրավիրված էր դեսպանի մակարդակով. արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ քանի դեռ համապատասխան մակարդակով հրավեր չեն ստացել, միջոցառմանը չեն մասնակցի: