Վրաստանի դատախազությունը մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման համար հատկացված գումարների ենթադրյալ յուրացման գործով 4 անձի է ձերբակալել: Դատախազության տեղեկատվությամբ՝ 2017-2024 թվականներին «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» կողմից հայտարարված 27 մրցույթների շրջանակներում հատկացված 145.3 միլիոն լարիից մեղադրյալները, գործելով որպես կազմակերպված խումբ, ենթադրաբար յուրացրել են 41.1 միլիոն լարի:
Դատախազության հաղորդմամբ՝ ձերբակալված են «Էլեկտրաշարժակազմի վերանորոգման գործարանի» ԲԸ Թբիլիսիի մասնաճյուղի տնօրեն Գելա Ձիձիկաշվիլին, նույն բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Մամուկա Նոզաձեն, ձեռնարկության բաժնեմասի իրական սեփականատերերից Պաատա Սվանիձեն և «Սաչինո» ՍՊԸ-ի ու «Ինտրանս» ՍՊԸ-ի տնօրեն Ռուսլան Դեմուրովը:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ քննությունը սկսվել է Թբիլիսիի քաղաքապետարանի ներքին աուդիտի և մոնիթորինգի ծառայության դիմումի հիման վրա: Դատախազության վարկածով՝ մեղադրյալները հանցավոր սխեման իրականացնելու համար գրանցել են «Սաչինո» ՍՊԸ-ն, որի միջոցով մետրոյի վագոնների համալրող դետալների ներմուծումն իրականացվել է արհեստականորեն ուռճացված գներով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ: Իսկ բեռների փոխադրումն ապահովել է «Ինտրանս» ՍՊԸ-ն: