Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրայխիի հետ: Տեղեկությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի միջև երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միջազգային ձևաչափերում համագործակցությունը և գործընկերության հետագա խորացման հեռանկարները:
«Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական երկխոսության ամրապնդմանը և բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությանը: Այս համատեքստում զրույցը վերաբերել է Կատարի Պետության էմիրի Վրաստան կատարելիք այցի հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և մշակույթի ու կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանում ընթացող գործընթացների շուրջ և հաստատվել է երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ: