Երեկվա օրը համառոտ. հուլիսի 14

Վրաստանի իմունականխարգելման խորհուրդը հորդորել է 18 տարեկանից մեծ քաղաքացիներին` պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «խթանիչ» (booster) չափաբաժնով:

Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հասնում է 1000-ի:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, կան երեք երկրներ, որոնք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին` Վրաստանը, Ուկրաինան,  Բոսնիա և Հերցեգովինան։

Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Վրաստանի վերաբերյալ նոր զեկույց, որն անդրադարձել է երկրի խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների առնչությամբ կոռուպցիայի կանխարգելմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Politico-ին տված հարցազրույցում արձագանքել է երկրի բարձրագույն իշխանության մի շարք ներկայացուցիչների` Եվրախորհրդարանի պատգամավորների և եվրոպական կառույցների հասցեին հնչեցրած քննադատությանը:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել` պնդելով, որ Վրաստանում պետք է վերջ տալ սառը պատերազմին։

Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելի խոսքով, պատահական չէ, որ Եվրահանձնաժողովը խոսում է ապրիլի 19-ի Շառլ Միշելի համաձայնագրի ոգու մասին։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան համամիտ է Ժնևում միջազգային քննարկումների ձևաչափն ու վայրը փոխելու Մոսկվայի նախաձեռնությանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) պարզաբանել է, թե ինչու Վրաստանը չի միացել Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի աջակցության հայտարարությանը։

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին հայտարարել է, որ ապաօլիգարխացման և ապաբևեռացման հասնելու համար «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է վերադառնա քաղաքականություն։ Ըստ նրա՝ ապաօլիգարխացման օրենքի ընդունումը լավ է, բայց չի կարող հասցնել այն արդյունքին, որը հասարակության շրջանում շրջանառում են ընդդիմադիր կուսակցություններն ու լրատվամիջոցների մի մասը։

«Դրոա» կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիան ռուսական նավթի Վրաստան ներկրման ավելացումը գնահատել է որպես Ռուսաստանի «ռազմական մեքենայի ֆինանսավորում»։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվող նավթի մոտավորապես 90 տոկոսը ադրբեջանական է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ըստ Վրաստանի հանրային պաշտպանի` «Ֆակտոր Գրուպ» ՍՊԸ-ում և CD Company ՍՊԸ-ում աշխատող կանանց նկատմամբ սեռական ոտնձգության փաստեր են արձանագրվել։

Վրաստանի կապի հանձնաժողովը Իլոն Մասկի հիմնած SpaceX Starlink ընկերությանը թույլատրել է արբանյակային ինտերնետ ծառայություններ մատուցել:

Հուլիսի 15-ից օգոստոսի 10-ը Թբիլիսիի Թամար թագուհու անվան պողոտայում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։

Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ գտնվող երկաթյա կառույցը ապամոնտաժվում է։

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8559 լարի, իսկ եվրոյի փոխարժեքը 2,8613 լարի է։

Եվ վերջում՝ մինչև հուլիսի 20-ը Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։