Չհայտարարագրված ապրանքների տեղափոխման փաստով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքի տեղափոխման փորձի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Գուգա Թավբերիձեն։

Նրա խոսքով՝ քննության արդյունքում պարզվել է, որ նախնական համաձայնությամբ խմբի անդամներն ընկերություններից մեկի անունից մաքսային հայտարարագրում մուտքագրել են կեղծ տվյալներ և ապրանքների մաքսային արժեքը 536 հազար 28 լարիի փոխարեն հայտարարագրել են 48 հազար 502 լարի։

Նշված հայտարարագրի հիման վրա, բեռնատարով Թուրքիայից Վրաստան են ներմուծվել տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ օծանելիքներ, հիգիենայի միջոցներ, սենյակի օդը թարմացնող միջոցներ, սանտեխնիկական սարքավորումներ, էներգետիկ ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ ապրանքներ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» ենթակետով, որը նախատեսում է 8-ից 11 տարի ազատազրկում։