ՆԳՆ-ն Թբիլիսիի քաղաքապետարանի հետ միասին կպայքարի վանդալիզմի դեմ

Վանդալիզմի դեմ, մայրաքաղաքի մունիցիպալիտետի հետ միասին, կպայքարի նաև Ներքին գործերի նախարարությունը, իսկ նման փաստերի նկատմամբ օրենքով նախատեսված պայմանների կատարումը կխստացվի,  կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա պարզաբանմամբ՝ մինչ օրս այդ ուղղությամբ օրենքը գործում էր, սակայն գործադրման (իմպլեմենտացիայի) տեսանկյունից կային որոշակի խնդիրներ։

«Այն ժամանակ, երբ քաղաքում դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, արձանագրվում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիների մի մասը միտումնավոր, վանդալիզմի ենթարկելով վնասում է շենքերը։ Վերջին երկու տարվա ընթացքում արձանագրվել է վանդալիզմի մոտ 5000 փաստ. դրանք շինություններ են, մշակութային ժառանգության հուշարձաններ, տարբեր գերատեսչությունների շենքեր, մետրոյի կայարանների մուտքեր, կանգառներ և այլն։ Այս ուղղությամբ արդեն գործում է օրենքը, սակայն մենք դիմում ենք խորհրդարանին՝ օրենքը խստացնելու խնդրանքով։ Ինչ վերաբերում է վանդալիզմի հետևանքների վերացմանը, խոսքը տասնյակ միլիոնավոր լարիների մասին է, որոնք կրկին ձեր՝ շարքային քաղաքացիների միջոցներն են և պետք է ծախսվեն բյուջեից այն դեպքում, երբ կարողանանք այդ գումարն ուղղել այլ՝ ավելի կարևոր խնդիրների լուծմանը», — հայտարարել է Կախա Կալաձեն։

Մայրաքաղաքի քաղաքապետը հանձնարարել է «Թբիլիսիի մունիցիպալ տեսչության» ղեկավար Գոգի Չիքովանիին, որ այս ուղղությունը դառնա գլխավոր առաջնահերթություններից մեկը։

«Մենք աշխատանքային հանդիպում ենք ունեցել ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի և նախարարության այլ ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկել ենք խնդրի լուծման ուղիները։ Շնորհակալություն անձամբ նախարարին աջակցության համար։ Տարբեր պետական կառույցների ներգրավվածությունը նման խնդիրների լուծման գործում չափազանց կարևոր է», — ասել է Կախա Կալաձեն։