Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովին BBC-ի լրագրողական հետաքննության վերաբերյալ, որի պնդմամբ` Վրաստանի իշխանություններն արգելված քիմիական նյութ են օգտագործել ցուցարարների դեմ։
«Հետաքննությանը մասնակցող փորձագետների կարծիքով՝ օգտագործված նյութը կարող է լինել «կամիտ», ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ։ Եթե հաստատվի, սա կլինի Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում քաղաքացիական բնակչության դեմ նման նյութի առաջին ենթադրյալ օգտագործումը», — ասված է Եվրոպական հանձնաժողովին Եվրախորհրդարանի պատգամավորների հղած նամակում, որը Netgazeti-ին տրամադրել է պատգամավոր Մարկետա Գրեգորովան։
Նամակում նշված է, որ, չնայած Եվրամիության բազմաթիվ հայտարարություններին, նախազգուշացումներին և դիվանագիտական միջամտությանը, այդ ջանքերն արդյունք չեն տվել, և Վրաստանի իշխող կառավարությունը, որն «ավելի մոտ է Ռուսաստանին», շարունակում է ուժեղացնել ճնշումները, սահմանափակել հիմնարար ազատությունները և անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների դեմ՝ ավելի վատթարացնելով մարդու իրավունքների վիճակը։