Վրաստանի արտգործնախարարը Ֆրանսիայում է

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: 

Փարիզում Ջանելիձեն արդեն հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեսիրի հետ:  Հանդիպմանը Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է երկրի ապագա ծրագրերը՝ մասնավորապես ընդգծելով պետության տարանցիկ նշանակությունը բարձրացնելուն ուղղված քայլերը:

Կողմերը խոսել են նաև եվրաինտեգրման ճանապարհին առաջ եկող մի շարք հարցերի շուրջ: Դեսիրը Եվրախորհրդարանի որոշման առիթով շնորհավորել է Ջանելիձեին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խորացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում: Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է նաև  Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին գործերի  հանձնաժողովի ղեկավար Էլիզաբեթ Գվիգոուին:

Վրաստանի արտգործնախարարի  պաշտոնական այցը կավարտվի վաղը՝ փետրվարի 7-ին:

Թողնել պատասխան