Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ քաղաքական նոր սկանդալի հիմք

Վրաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին երրորդ ընթերցմամբ փոփոխություններ ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում` խստացնելով մանր խուլիգանության ու ոստիկանի պահանջին չենթարկվելու համար պատժամիջոցներն ու ավելացնելով  վարչական կալանքի ժամկետները:

Օրենքը փոփոխվեց արագացված կարգով և հասարակական կազմակերպությունների խստագույն քննադատության ֆոնին: Իրավապաշտպաններն ասում են, որ խորհրդային միության ժամանակ ընդունված օրենսգիրքն ամբողջությամբ փոխելու կարիք ունի, ու սրա փոխարեն ամենաշատը բողոքի ցույցերի ժամանակ պատահող հոդվածների խստացումն իշխանության կողմից կոշտ քայլ է, ինչը ճնշող էֆեկտ կունենա խոսքի ազատության ու բողոքի շարժումների վրա:

Օրենսգրքում փոփոխություն մտցնելու մասին նախաձեռնությունը խորհրդարանում ներկայացվել է ապրիլի 26-ին, առաջին ընթերցումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, ինչից հետո հանձնաժողովը մեղմացրել է նախնական տարբերակը: Նախագիծն ընդունվել է ապրիլի 29-ին` 72 կողմ ձայնով: Լսման ժամանակ ներկա չեն գտնվել ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նախապես ստորագրել էին ընդդիմության և իշխանության հաշտեցման փաստաթուղթը: Ընթերցմանը ներկա է եղել «Լելո» կուսակցության անդամ Անա Նացվլիշվիլին, ով նախագիծը բնութագրել է` «Վրացական երազանքը վախենում է օրենքից»:

Ի՞նչ է փոխվել օրենքում

Օրենսգրքի 166-րդ հոդվածում ավելացվել է երկրորդ մաս, որով սահմանվում է, որ մանր խուլիգանություն իրականացնելուց ու տուգանվելուց հետո, կրկնակի անգամ նույն արարքի համար իրավախախտը պետք է վճարի 1500-2000 լարի, կամ ենթարկվի 5-15 օրյա կալանքի։

Մինչ այս գործող օրենքի համաձայն, այս գումարը կազմում էր 500-1000 լարի, կամ մինչև 15 օրյա կալանք, որը հնարավոր էր փոխարինվել 5 օրվա, այսինքն նվազագույն շեմ սահմանված չէր:

173-րդ հոդված

Նոր խմբագրված տարբերակով սահմանված է, որ իրավապահ մարմիններին կամ իր աշխատանքը կատարող որևէ այլ պետծառայողին վիրավորելու կամ չենթարկվելու դեպքում առաջին անգամ տուգանք է սահմանվում 2000-3000 լարիի չափով կամ մինչև 15-օրյա կալանքով: Նույն «հանցանքը» երկրորդ անգամ կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 3500-4500 լարիի չափով կամ 7-15 օր կալանքով:

Մինչ այս գործող տուգանքը 1000-4000 լարի էր կամ վարչական կալանք մինչև 15 օր:

247-րդ հոդված

«Վարչական կալանքի դեպքում, բերման ենթարկված անձը կարող է դատարան ներկայանալ կալանքի պահից ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում»,- ասվում է օրենքի փոփոխված տարբերակում։

Նախկինում այս արտահայտությունը հետևյալ կերպ էր ձևակերպված՝ վարչական իրավախախտի կալանավորման ժամկետը չպետք է 12 ժամից ավելի լիներ, չնայած հոդվածի երկրորդ կետը պարզաբանում էր, որ ոչ աշխատանքային ժամերը հաշված ընդհանուր առմամբ ժամկետը չպետք է գերազանցեր 48 ժամը:

Նշված փոփոխությունների հետ կապված սուր քննարկումներ են սկսվել քաղաքական դաշտում` ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ՝ Վրաստանից դուրս: Արձագանքել է նաև ԱՄՆ-ն` կոչ անելով վերանայել կայացրած որոշումը: Առանձին պատգամավորներ կոչ են անում նախագահին վետո դնել օրենքի վրա: Հասարակական կազմակերպություններն իրենց հերթին հայտարարություններ են տարածել առ այն, որ նման խիստ քայլերն անընդունելի են:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։