Նախագահը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է «ռուսական օրենքի» հետևանքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ քննարկել է «Վրաստան-ԵՄ հարաբերությունները, ռուսական օրենքի հետևանքները և Սև ծովի անվտանգության հարցերը»: Տեղեկացնում է Վրաստանի նախագահի վարչակազմը:

Օրբելիանիի պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, պատվիրակությունը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել է նաև Սև ծովի անվտանգությունը։

Նախագահը նշել է, որ եվրաինտեգրման գործընթացը շատ կարևոր է վրաց ժողովրդի համար և նա կիսում է Եվրամիության արժեքները։ Զուրաբիշվիլին Վրաստանի խորհրդարանում երկրորդ անգամ նախաձեռնված «ռուսական օրենքը» մարտահրավեր է համարել երկրի համար և նշել, որ օրենքի ընդունումը կազդի քաղաքացիական հասարակության վրա։

«Եվրամիության արժեքները պաշտպանող քաղաքացիական հատվածի ոչնչացումը Ռուսաստանի նպատակն է։ Երբ հարցը վերաբերում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրությանը, նախագահը չի կարող այստեղ չեզոք լինել»,- ասել է նախագահը։

Նախագահը խոսել է նաև կանանց քվոտաները չեղարկելու մասին և նշել, որ հարցի վերաբերյալ այսօր երկրում առկա հռետորաբանությունն անընդունելի է։

Վրաստան այցի շրջանակներում Եվրամիության Քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանում, վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, կայցելի նաև օկուպացիոն գիծ։

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները