Ակտիվիստ Ուչա Աբաշիձեից խաղալիք զենք են առգրավել

Վրացի ակտիվիստ և բլոգեր, «գործակալների օրենքին» դեմ բողոքի ցույցերին մասնակցող, և ցուցարարների համար բողոքի ցույցի ժամանակ պաշտպանվելու ուղեցույց-տեսահոլովակներ հրապարակող Ուչա Աբաշիձեի մոր՝ Լիա Թոդուայի խոսքով, որդու տանից առգրավված զենքերից միայն երկուսն է իրական, մյուսները՝ խաղալիք են:

«Ուչա Աբաշիձեի տանը հայտնաբերված զենքերը, որոնք մեզ ցույց է տալիս ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), հիմնականում խաղալիք զենքեր են, պլաստմասայե խաղալիք փամփուշտներով, քանի որ Ուչան ամբողջ կյանքում սթրեյքբոլ է խաղացել։ Այս նկարում ընդամենը երկու իրական զենք կա, և երկուսն էլ պաշտոնապես գրանցված են Ուչայի անունով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լիա Թոդուան՝ տարածելով ՆԳՆ-ի տեսահոլովակից վերցված լուսանկարը:

Ի դեպ, ոստիկանները Աբաշիձեի տուն են մտել մայիսի 9-ի երեկոյան։ Ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք գնելուն ու պահելուն։ ՆԳՆ-ն Աբաշիձեի վերաբերյալ ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, սակայն, խոսվում է նաև Վրաստանի արդարադատության նախարարության և խորհրդարանի կայքերի վրա կիբերհարձակման փաստերի մասին։

Հետաքննության ընթացքում Աբաշիձեին թույլ չեն տվել որևէ մեկի հետ շփվել։ Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Աբաշիձեին, ինչը «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից դիտվել է որպես Աբաշիձեի պաշտպանության իրավունքի սահմանափակում և քրեական հանցագործություն։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ: 

Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներինուսուցիչներինՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառը, ըստ վարկածի՝ այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»:

Ֆիզիկական հաշվեհարդար ու ճնշումներ. վերջին օրերի իրադարձությունները