Խորհրդարանը պետք է տապալի օրինագիծը. Human Rights Watch

Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը նշել է, որ Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը «որոշ հասարակական խմբերի և լրատվամիջոցների պարտավորեցնում է գրանցվել որպես օտար ուժերի շահերը կրող կազմակերպություններ», սպառնում է երկրի հիմնարար իրավունքներին:

Կազմակերպությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է վերջին ընթերցմամբ հետ կանչի օրենքի նախագիծը։ Ըստ HRW-ի՝ կառավարությունը պետք է ապահովի հավաքների և արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքները և ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառման բոլոր ենթադրյալ դեպքերի արդյունավետ հետաքննությունը:

HRW-ի հայտարարության մեջ նշվում է, որ «օրենքի նախագիծը չի համապատասխանում այն ​​օրենսդրական պարտավորություններին, որոնք Վրաստանը ստանձնել է՝ միանալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիային»։ HRW-ն նշել է՝ միջազգային իրավունքի համաձայն, «խոսքի և միավորումների ազատությունների որոշակի սահմանափակումներ թույլատրվում են, սակայն օրինագիծը շատ ավելին է, քան այդ իրավունքներին որևէ օրինական միջամտություն»:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնի խոսքով. «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի նախագիծը խախտում է քաղաքացու հիմնարար իրավունքները, և Վրաստանի կառավարությունը պետք է հետ կանչի այն։ Նրանք պետք է արագ և արդյունավետ հետաքննեն ոստիկանության ենթադրյալ բռնության դեպքերը և պաշտպանեն խաղաղ հավաքների և արտահայտվելու իրավունքները»:

Ուիլիամսոնը նաև ասել է. «Վրաստանի խորհրդարանականներն ու կառավարության ներկայացուցիչները պաշտոնապես պաշտպանում են օրենքի նախագիծը թափանցիկության ապահովման տեսանկյունից, սակայն դրանք չեն լուսաբանում այս օրենքի նախագծի նպատակը։ Անկախ խմբերին և լրատվամիջոցներին օտարերկրյա շահերի սպասարկու հռչակելով՝ նրանք նպատակ ունեն մարգինալացնել և ճնշել քննադատական ​​ձայները, որոնք հիմնարար են երկրում ցանկացած գործող ժողովրդավարության համար»:

Կազմակերպությունը կարծում է, որ Վրաստանի օրենքի նախագիծը նման է Ռուսաստանի «Օտարերկրյա գործակալների» օրենքին: HRW-ն նշել է, որ «միավորման ազատության իրավունքի անբաժանելի մասն է ազգային, միջազգային և օտարերկրյա աղբյուրներից ռեսուրսներ փնտրելը, ստանալը և օգտագործելը»:

Ի դեպ, 2024 թվականի մայիսի 1-ին, չնայած բազմահազար բողոքի ցույցերին, խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը»։ Մնում է վերջին՝ երրորդ ընթերցումը: Օրենքը վերաբերում է Վրաստանի բոլոր հասարակական կազմակերպություններին և բազմաթիվ լրատվամիջոցների: Օրինագիծը խորհրդարան վերադարձվելուց հետո Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։