Իշխող ուժը չափել է ընտրողների IQ-ն․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդարձակ նամակով դիմել է «գործակալների օրենքի» դեմ օրեր շարունակ ակցիաներ անցկացնող երիտասարդական շարժումներին՝ վերջիններիս անվանելով բռնի կազմակերպություններ։

Կոբախիձեն նամակում պնդել է, որ «Վրացական երազանքի» վարկանիշն ավելի քան 60 տոկոս է, ուստի իշխող ուժը անսալու է իր կողմնակիցների հրահանգներին։

«Համոզված եմ, որ մենք պետք է գործենք ոչ թե իմ ծանոթ երիտասարդի անկեղծ պահանջով, այլ ապրիլի 29-ին «Վրացական երազանքի» հանրահավաքին եկած 200 հազար երիտասարդների, միջին տարիքի ու տարեցների թելադրանքով։ Մենք գործելու ենք վրացի ընտրողների ավելի քան 60 տոկոսի թելադրանքով, ովքեր վճռականորեն և մտածված պաշտպանում են հասարակական կազմակերպությունների թափանցիկությունը, համապատասխանաբար, Վրաստանի խաղաղ ապագան»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն նշում է, որ 1 ամիս առաջ իշխող կուսակցությունը հետազոտություն է անցկացրել, որը ստուգել է իր կողմնակիցների ինտելեկտուալ ունակությունները։ Նրա խոսքով, պարզվել է, որ բարձր ինտելեկտով ընտրողների շրջանում «Վրացական երազանքին» աջակցել է ընտրողների 73,8 տոկոսը։

«Մենք ստուգել ենք հարցվողների ինտելեկտը կամ IQ-ն և նրանց բաժանել բարձր, միջին և ցածր ինտելեկտի կատեգորիաների: Ըստ հետազոտության՝ մարտին «Վրացական երազանքին» աջակցել է ընտրողների 61,3 տոկոսը։ Բարձր ինտելեկտով ընտրողների շրջանում մեր աջակցությունը կազմել է 73,8 տոկոս, իսկ միջին ինտելեկտով ընտրողների շրջանում՝ ընդամենը 45,6 տոկոս»,- ​​գրել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից և իշխանական օղակներից վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են արվում, որոնց հետևում են նաև գործողություններ: