Ֆիզիկական հաշվեհարդար ու ճնշումներ. վերջին օրերի իրադարձությունները

Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ: 

Մասնավորապես, վերջին օրերին օրենքին դեմ արտահայտվող մարդիկ սոցիալական ցանցերում գրել են, որ անհայտ անձանցից սպառնալի զանգեր են ստանում: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ կպատժի բոլոր այն մարդկանց, որոնք ընդդիմանում են օրենքին: ՊԱԾ-ն այս քայլն «արդարացնում» է երկրում «մայդանի» կրկնությունը կանխարգելելու ցանկությամբ: Եվ վերջապես՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում են ստեղծել տվյալների բազա, որտեղ կբացահայտեն «բռնության, սպառնալիքների և շանտաժի մեջ ներքաշված կամ նմանատիպ գործողություններին հրապարակայնորեն հավանություն տվող» քաղաքացիներին։

Սպառնալիքով լի «ծանոթ և անծանոթ զանգեր»

Քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասել են, որ անհայտ անձինք զանգահարում են և հայհոյում։ Երկու օր առաջ տարբեր երկրների հեռախոսահամարներով զանգահարել են նրանց, ովքեր բացահայտ բողոքում են «գործակալների մասին օրենքի» դեմ: Ըստ նրանց՝ հեռախոսային կապի ձևը նման է միմյանց. նախ` հարցնում են իրենց ինքնությունը, հետո հետաքրքրվում են՝ կարդացե՞լ են օրենքի նախագիծը, թե՞ ոչ, իսկ հետո՝ վիրավորում են ու սպառնում:

Արդեն իսկ երեկ «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող որոշ քաղաքացիներ սոցիալական ցանցերում գրել են, որ իրենց կրկին զանգահարել են անհայտ անձինք, որոնք նշել են իրենց բնակության հասցեն և սպառնացել։ Այս քաղաքացիները հրապարակել են նաև վրացական հեռախոսահամարները, որտեղից իրենց զանգահարել են։

Վտանգված է իշխանությո՞ւնը, թե՞ պետությունը. «Մայդանի» մասին ՊԱԾ-ի հայտարարությունը

Գրեթե ութ ամիս անց ՊԱԾ-ը կրկնում է այն, ինչ ասում էր 2023 թվականի սեպտեմբերին՝ իբրև Վրաստանում «սպասվող, արտաքին ուժերի կողմից կառավարվող ապակայունացման և երկրում ուկրաինական «մայդանային սցենարի» կրկնության» մասին։

Մայիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ ՊԱԾ-ը գրել է նաև «90-ականների քաղաքացիական բախումների նման իրադարձություններ հրահրելու վտանգի մասին»։ ՊԱԾ-ը պնդել է, թե «որոշ խմբեր» ծրագրում են սադրանքներ կազմակերպել Վրաստանի խորհրդարանում, որոնց նպատակը «բռնության սցենարների մշակումն է», և որ այդ գործընթացն իրականացվում է «օտար երկրների ֆինանսավորմամբ», և այդ նպատակի համար ներգրավված են.

  • Ուկրաինայում կռվող վրացիների կոնկրետ հատված, որոնք պատրաստ են գալ Վրաստան և ակտիվորեն մասնակցել ոստիկանության դեմ նախատեսվող բռնություններին,
  • նրանց ծրագիրն է արգելափակել և կաթվածահար անել կառավարական շենքերը, հարձակվել հատուկ նշանակության ջոկատների վրա և սրել իրավիճակը,
  • կազմակերպիչները երիտասարդներին հանձնարարում են խորհրդարանի դիմաց դյուրավառ նյութեր բերել, այսպես կոչված՝ մոլոտովի կոկտեյլներ պատրաստելու համար,
    որ նրանք ակտիվորեն կօգտագործեն CANVAS կազմակերպության և Պիտեր Աքերմանի կողմից իրականացվող բռնի ուսուցման մեթոդները,
  • նրանց նպատակը «մայդանացումն» է ու երկրում առկա գործընթացները 90-ական թվականների քաղաքացիական կոնֆլիկտի նման սադրիչ իրադարձությունների վերածումը»։

Ընդգծենք՝ ՊԱԾ-ն այս վարկածների ապացույցները չի ներկայացրել։ «Վտանգները» թվարկելուց հետո ՊԱԾ-ը հորդորել է ցույցերի մասնակից երիտասարդներին` չհետևել սադրանքներին, իսկ կազմակերպիչներին զգուշացրել է, որ «անհապաղ իրավական միջոցներ կձեռնարկվեն»։

«Բռնություն գործադրողների» տվյալների բազա, որը «սև ցուցակի» է նման` ռեպրեսիաների կիրառման նպատակով

Իշխող կուսակցությունն իրենց կառույցների օգնությամբ ստեղծում է «բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների ու շանտաժի մեջ ներգրավված կամ հրապարակայնորեն հավանություն տվող մարդկանց տվյալների բազա»: Այս նպատակի մասին հայտարարել է Պապուաշվիլին:

Այստեղ ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում Վրաստանում երեք շաբաթ առաջ սկսված «գործակալների օրենքի» դեմ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում ոչ միայն Թբիլիսիում, այլև Վրաստանի այլ քաղաքներում։

Ըստ Պապուաշվիլիի, «այդ տվյալների բազան կտեղադրվի հատուկ կայքում և կլինի հրապարակային ու թափանցիկ Վրաստանի քաղաքացիների համար»: Նրա խոսքով՝ «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաները, որոնց առանցքը երիտասարդներն են, ունեն բռնի բնույթ։ Պապուաշվիլին նշել է, որ տվյալների բազայում կլինեն ցույցերի ժամանակ «բռնություն գործադրող, պետությանը սպառնացող, նման գործողություններին հավանություն տվող անձինք»։

Իշխանությունը պահելու փո՞րձ է

Վրացի փորձագետների գնահատմամբ՝ այս ամենը մեկ ծրագրի մաս է, որի նպատակն է՝ «Վրացական երազանքը» երկար պահել իշխանության ղեկին: Նրանց խոսքով, իշխող կուսակցությունը ներգրավված է վերոնշյալ ծրագրի իրականացման մեջ՝ պետական ​​կառույցների հետ միասին։

Ինչպես նրանք են նշել, ՊԱԾ-ի հայտարարությունը և կառավարության բոլոր գործողությունները, ներառյալ՝ Պապուաշվիլիի հայտարարած տվյալների բազայի ստեղծումը, վերջին օրերի հեռախոսային սպառնալիքները, վարկաբեկող քարոզարշավները և այլն, ծառայում են միայն մեկ նպատակի՝ վախ սերմանել այն մարդկանց շրջանում, որոնք այսօր միավորվել են պաշտպանելու Վրաստանի եվրոպական կուրսը։

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «սպառնալիքների և շանտաժի մեջ ներգրավված անձանց տվյալների բազա» ստեղծելու ծրագիրը, որ նաև հայտնի է որպես «սև ցուցակ», համարում են ռեպրեսիա սկսելու փորձ։ Ավելին՝ այստեղ:

Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներին, ուսուցիչներին, ՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառը, ըստ վարկածի՝ այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»: