Խուզարկություն «ռուսական օրենքի» դեմ պայքարող ակտիվիստի տանը. Աբաշիձեին բերման են ենթարկել

Մի քանի ժամ խուզարկելուց հետո ակտիվիստ և բլոգեր, «գործակալների օրենքին» դեմ բողոքի ցույցերին մասնակցող, և ցուցարարների համար բողոքի ցույցի ժամանակ պաշտպանվելու ուղեցույց-տեսահոլովակներ հրապարակող Ուչա Աբաշիձեին իր տանը բերման են ենթարկել, նստեցրել ոստիկանական մեքենա և տարել։ Բերման ենթարկելու պահին անգամ ընտանիքի անդամները չեն իմացել, թե ուր են տարել նրան ոստիկանները։ Փաստաբանին միայն բերման ենթարկելուց րոպեներ առաջ են թույլ տվել տեսնել Աբաշիձեին:

Ուչա Աբաշիձեի ընկեր Շոթա Թութբերիձեն ասում է, որ Աբաշիձեն ունի դրոնի մասեր և Airsoft զենք, գրանցած ունի նաև տաբելային զենք։ Ըստ Թութբերիձեի, եթե առգրավված իրերի մեջ այլ բան հայտնաբերվի, ուրեմն դա «ոստիկանությունն է դրել»։

Ուչա Աբաշիձեի տան մոտ ձերբակալության ընթացքում քաղաքացիներ էին հավաքվել։ Նրանք վանկարկում էին «Ուչա, Ուչա», իսկ ոստիկանների ուղղությամբ՝ «ստրուկներ»։

Անցած շաբաթների ընթացքում Ուչա Աբաշիձեն տեսանյութեր էր հրապարակում, որտեղ ցուցարարներին՝ ովքեր դեմ են ռուսական օրենքին՝ խորհուրդ էր տալիս ինչպես պաշտպանվել բողոքի ակցիաների ժամանակ:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ: