Բռնաճնշումներն ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողություններ են. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ հակառակորդներին ծեծելը, ահաբեկելը, ցույցերը ցրելը, բռնաճնշումները շատ նման են ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողությունների։ Այս հայտարարությունը նա արել է մայիսի 9-ին Ռուսթավելիի թատրոնում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում։

«Մենք տեսնում ենք բռնություն: Բռնություն` ազգի միասնական կամքի դեմ։ Հակառակորդներին ծեծի ենթարկելը, ահաբեկելը, ցույցերը ցրելը, բռնաճնշումները… Սրանք Եվրոպայի հետ կապ չունեն, ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողություններ են»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, Վրաստանն այսօր գտնվում է խաչմերուկում. մի կողմից եվրոպական ապագան է, մյուս կողմից՝ ռուսական իմպերիալիստական ​​անցյալը։

«Քաղաքացիական հասարակության մեծամասնությունը հստակ հայտարարել է իր նկրտումների մասին, թե որտեղ է տեսնում իր ապագան: Սա խաղաղ, զարգացած, պատասխանատու եվրոպական ապագա է: Սա այն ճանապարհն է, որը վարում է վրաց հասարակությունն անկախություն ձեռք բերելուց հետո` ինքնորոշում, ինքնորոշում, ինքնորոշում: Հիշում եմ Ուինսթոն Չերչիլի խոսքը` երբեք մի հանձնվիր, երբեք մի հանձնվիր, երբեք մի հանձնվիր»,- ասել է նախագահը

Չնայած հրավերին, կառավարության անդամները ներկա չեն եղել Եվրոպայի օրվա միջոցառմանը։

Ի դեպ, մայիսի 9-ին Մառնեուլիի շրջանի Ծերեթելի գյուղում 4 հոգի հարձակվել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Գիորգի Մումլաձեի վրա և ֆիզիկական բռնության ենթարկել։ Նրա խոսքով` հարձակվողները մեքենայով կանգնած են եղել իր տան մոտ և հետևել են իրեն, իսկ նրա վրա հարձակվել են այն բանից հետո, երբ տեսել են, թե ինչպես է հեռախոսով լուսանկարում ու տեսանկարահանում։

Մումլաձեն միակը չէ, որ վերջին օրերին ենթարկվել է հարձակման և ֆիզիկական բռնության։ Միայն վերջին 24 ժամում ֆիզիկական բռնության են ենթարկել ՄԱՇ անդամ Դիմիտրի Չիքովանիին, դիվանագետ Գիա Ջափարիձեին, ակտիվիստ Լաշա Գվինիանիձեին, երաժիշտ Գիո Շենգելիային։

Ֆիզիկական հաշվեհարդարին զուգահեռ՝ Թբիլիսիում ատելության քարոզարշավի շրջանակներում լրագրողների ու ակտիվիստների տներում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գրասենյակներում հայտնվել են վիրավորական պաստառներ և գրություններ։

Ֆիզիկական հաշվեհարդար ու ճնշումներ. վերջին օրերի իրադարձությունները