Վրաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ երկմտությունը հիասթափեցնող է․ Հերչինսկի

Այսօր՝ մայիսի 9-ին տեղի է ունեցել  Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում Ռուսթավելիի թատրոնում։ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին իր ելույթում նշել է, որ Վրաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ երկմտությունն ու անորոշությունը «հիասթափեցնող են»։

«Վրաստանն առաջին անգամ նշում է այս օրը՝ որպես ԵՄ անդամության թեկնածու։ Սա իսկապես պատմական իրադարձություն է երկրի եվրոպական ճանապարհին։

Անցյալ տարի, երբ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, ես ականատես եղա իսկապես հուզիչ ազգային տոնի։ Տեսա բոլոր սերունդների և խավերի մարդկանց՝ իրենց և իրենց ընտանիքների համար խաղաղ, բարեկեցիկ և ապահով ապագայի հույսով լի:

Ահա թե ինչու այսօր, ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Եվրամիությունը վերջապես լայն բացեց իր դռները Վրաստանի առաջ, հիասթափեցնող է տեսնել երկմտանքն ու կասկածը, տեսնել շփոթություն, պառակտում, ահաբեկում և բռնություն», — ասել է ԵՄ դեսպանը։

Հերչինսկին նշել է, որ տարեվերջին Եվրամիությունը կորոշի՝ արդյո՞ք Վրաստանն իր անդամակցությանն ուղղված հաջորդ քայլը կանի․

«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը հաջողակ լինի իր խաղաղ և տնտեսապես կայուն ապագայի ապահովման գործում։ Ուժը միասնության մեջ է։ Մենք հավատում ենք ձեզ: Վրաստանը կարող է շրջել այս էջը և շարունակել շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։ Դեռ ժամանակ կա։

Ես շատ պարզ կասեմ՝ Եվրամիության հաջորդ ընդլայնումն անպայման տեղի կունենա. Վրաստանի հետ լինի, թե առանց Վրաստանի. դա կախված է միայն ձեզանից՝ վրաց ժողովրդից»։