ԴԱՀԿ-ի աշխատակիցները փորձում են փակել Ախալցիխեի մարզադահլիճը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները ժամեր առաջ փորձել են Ախալցիխեի թիվ 3 դպրոցից դուրս բերել մարզադահլիճի գույքը՝ փակելով այն։ Դպրոցի տարածքում հավաքված քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով չփակել մարզադահլիճը:

Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալցիխե քաղաքի թիվ 3 դպրոցում հիշյալ մարզադահլիճը գործում է 1993 թվականից, սակայն վերջին տարիներին հայտնվել է փակման եզրին, քանի որ դպրոցի տնօրինությունն այլևս պայմանգիր չի կնքում մարզադահլիճի ղեկավարի հետ։

«Ժողովրդի հավաքվելուց հետո դատարանի ներկայացուցիչների և մարզադահլիճի ղեկավարության միջև համաձայնություն ձեռք բերվեց, մեկ ամիս ժամանակ տրվեց հարցը լուծելու կամ էլ գույքը հանելու և տարածքն ազատելու համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախեթիի լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը, որ նույնպես դպրոցի տարածքում է գտնվում։

Ամեն տարի վարձակալության պայմանագիր է կնքվել դպրոցի և մարզադահլիճի հիմնադիր և գլխավոր մարզիչ Գևորգ Շուշանյանի միջև, սակայն, ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերի 20-ին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Գևորգ Շուշանյանը, արդեն երկրորդ տարին է իրեն չի հաջողվում պայմանագիր կնքել, գործը դատարանում է: Դատարանը թույլատրել է մարզումներ անցկացնել, թեև վարձակալության հարցը դեռ լուծում չի ստացել:

Մարզադահլիճի շուրջ ծավալված իրադարձություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Ախալցիխեի մարզադահլիճը կռվախնձոր․ կողմերն անզիջում են, տուժում են մարզիկները։