Կոբախիձեն ցուցարարներին բոլշևիկ է անվանել

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօրվա ճեպազրույցում մարտի 7-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները «տհաճ տեսարան» է համարել համաքաղաքացիների մեծամասնության համար։

«Արմատական ​​ընդդիմության կողմնակիցների կողմից իրավապահների նկատմամբ բռնության աննախադեպ դեպքեր են գրանցվել։ Եթե մինչև 2012 թվականը «Միացյալ ազգային շարժման» ցուցումով իրավապահները բռնություն էին գործադրում ցուցարարների և հանրային պաշտպանի նկատմամբ, ապա երեկ ցուցարարները, նույն ՄԱՇ-ի ցուցումներով, բռնություն էին գործադրում իրավապահների և հանրային պաշտպանի նկատմամբ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք (ընդդիմադիր գործիչները) երբեք չեն փոխի իրենց էությունն անկախ դիրքից՝ լինեն կառավարությունում, թե ընդդիմությունում»,- նշել է Կոբախիձեն։

Իշխող ուժի ղեկավարը նաև ընդգծել է, որ «արմատական ​​ընդդիմությունը» և «նրանց լրատվամիջոցները» հանրության մի ստվար զանգվածին համոզել են, թե «խորհրդարանի ընդունած ամերիկյան օրենքը ռուսական է»։

«Կարևոր է, որ նրանք, ովքեր երեկ կոպտորեն խախտել են օրենքը և բռնություն գործադրել, պատասխան տան օրենքի ողջ խստությամբ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տուժած յուրաքանչյուր քաղաքացու համար: Շնորհակալ ենք բոլոր ոստիկաններին և իրավապահներին համբերության և մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներով գործելու համար»,- հավելել է Կոբախիձեն։

Կոբախիձեն նաև շեշտել է․ «Նրանք իրականում ոչ մի կապ չունեն ոչ Եվրոպայի, ոչ Արևմուտքի հետ, սովորական բոլշևիկներ են, նրանց մեջ կենդանի է բոլշևիկյան ոգին, Սերգո Օրջոնիկիձեի ոգին: Գլխավորը ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունն այն է, որ սա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան օրենք է՝ համապատասխանեցված քաղաքացու իրավունքներին ու արևմտյան չափանիշներին։ Երբ արմատականները, ազգայնականները խոսում են Եվրոպայի և Արևմուտքի մասին, այդ ամենը նույնքան կեղծ է, որքան երեկ նրանց սրտերին նկարված Ամբրոս Խելայայի լուսանկարը։  Նրանք, փաստորեն, ոչ Եվրոպային, ոչ Արևմուտքին մոտ ոչինչ չունեն, սովորական բոլշևիկներ են, նրանց մեջ կենդանի է բոլշևիկյան ոգին, Սերգո Օրջոնիկիձեի ոգին։ Ուստի նրանք գործում են բոլշևիկյան և ֆաշիստական ​​մեթոդներով։ Սա շարունակվում էր մինչև 2012 թվականը, իսկ հիմա չի կարող շարունակվել, քանի որ Վրաստանը արդեն պետություն է»,- ասել է Կոբախիձեն։

Նախօրեին տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ ՝

«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին