«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին

Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարաների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո: Ստորեւ ամփոփ ներկայացնում ենք փետրվարի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցածը: 

Վրաստանի խորհրդարանը  հինգշաբթի օրվա փոխարեն մարտի 7-ին լիագումար նիստով մեկնարկեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը: Քննարկումները մինչ այս՝ մարտի մեկից ի վեր ընթանում էին հանձնաժողովների մակարդակով ու արդեն հավանության էին արժանացել հանձնաժողովների կողմից:

Այսօր՝ խորհրդարանում՝ նիստերի դահլիճում, ինչպես նաև խորհրդարանի շենքի հարակից տարածքում, քննարկումն ընթանում էր աղմուկի ներքո: Նիստն  այսօր անցկացնելու մասին որոշման հայտարարությունից րոպեներ անց՝ ցուցարարներն արդեն փակել էին կենտրոնական Ռուսթավելի պողոտան՝ վանկարկելով «Ոչ ռուսական օրենքին», «Վրաստանը Ռուսաստան չի դառնա», «ստրուկներ»:

Ցույցն, ի դեպ, ինչպես նաև մարտի սկզբից ի վեր կազմակերպվող բոլոր մնացած ցույցերը կազմակերպված են եել Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների կողմից, որոնց միացել են նաև ԶԼՄ-ներ, Թբիլիսիի ԲՈՒՀ-երի ուսանողներն ու դասախոսներ, գիտնականներ,  սպորտի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլն:

Չնայած ԵՄ-ի տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների, եվրապատգամավորների, Վրաստանում ԱՄՆ դեսպանության և տասնյակ այլ Վրաստանի գործընկերների հորդորների, ինչպես նաև Վրաստանի ընդդիմության ու քաղհասարակության, իշխող «Վրացական երազանքի» նախկին պատգամավորների հորդորներին, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունվեց առաջին լսման ընթացքում՝ 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նշված որոշումից հետո, Խորհրդարանի շենքի մոտ էսկալացիա սկսվեց՝ ցուցարարները տեղափոխվեցին խորհրդարանի շենքի մուտքի մոտ, որտեղ էլ դրանից մի քանի րոպե առաջ մոբիլիզացվել էին մեծ թվով հատուկջոկատայիններ, իսկ մի փոքր ուշ պարզ դարձավ, որ նաև ջրցան մեքենաներ, որոնք հետագայում կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ: Ներքին գործերի նախարարությունը նշվածի հետ կապված տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, թե ցուցարարների կողմից բռնության դեպքեր են արձանագրվել, ինչի հետեւանքով բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Այսուհանդերձ, ԶԼՄ-ների կողմից տարածված կադրերում ակնհայտ երեւում է, թե ինչպես են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ կիրառվում տարեց կանանց, անչափահասների ուղղությամբ: Ի դեպ, ջրցան մեքենան Ռուսթավելիի պողոիտայում կիրառվել է օրենքն ընդունելու պահից:

Ոստիկանական ուժերի եւ ցուցարարների բախումների հետեւանքով կան վիրավորներ եւ  բերման ենթարկվածներ. վիրավորների շարքում նաև անչափահասներ կան:

Օրվա ընթացքում իրավիճակը լարված էր նաեւ Խորհրդարանի ներսում: Պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Սոցիալական ցանցերում օգտատերերը լայնորեն քննադատում էին օրինագծերի փաթեթին կողմ քվեարկած պատգամավորներին, հրապարակելով նրանց անունները:

Ի դեպ, Կողմ քվեարկող ընդհանուր հաշվով 76 պատգամավորների թվում են նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։

Մինչ այս, լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սամվել Մանուկյանը նշել էր․ «Ես արձակուրդում եմ, այս օրենքից ոչինչ չգիտեմ, երբ հասնեմ կհարցնեմ, հետո կպատասխանեմ»։ Նա այդ մասին հայտնել էր sknews.ge-ին։

Իսկ Սումբատ Կյուրեղյանը հետևյալ կերպ էր արձագանքել նույն հարցին․ «Ես չեմ կարող իմ դիրքորոշումը ձեզ ասել այս փուլում. երբ օրենքն ընդունեն, հետո ուղղեք այդ հարցն ինձ։ Օրենքը կամ կընդունվի, կամ` ոչ։ Երբ որոշվի, ես ձեզ կպատասխանեմ՝ կողմ եմ, թե ոչ»։

Օրենքի ընդունումից հետո եղան նաև արձագանքներ: ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախավահը չեղարկել է ՄԱԿ-ում իր բոլոր հանդիպումներն ու հանդես եկել հայտարարությամբ, որում, ի դեպ, օրենքին վետո դնելու մասին իր խոստմանը չի անդրադարձել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղերձ է հրապարակել, որտեղ ասված է, որ ժամեր առաջ ընդունված օրենքը ոչ մեկին պետք չէ, բացի Մոսկվայից։ Նրա խոսքով` այդ օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Զուրաբիշվիլիի խոսքով` Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները ներկայացնում են ազատ Վրաստանը։

Արձագանք եղել է նաև իշխանությունների կողմից: Իշխող կուսակցության առաջնորնդներից Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ցույցըճ ցրել չեն պատրաստվում, իսկ «սև օր» (անդրադարձել է ԱՄՆ դեսպանության հայտարաությանը խմբ.) եկել է Վրաստանի ընդդիմության ու նրանց աջակիցների համար:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

Ի՞նչ է ենթադրում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Բացի այս, ըստ օրինագծի, Վրաստանում կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ էլ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր կլինեն գրանցվել: Հրաժարվելու դեպքում՝ նրանց կգրանցեն մեխանիկորեն, այնուհետև կտուգանեն 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազար լարիով: Այս տուգանքը չվճարելու դեպքում՝ կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեն:

Օրինագծերը Վրաստանում քաղհասարակությունը «Ռուսական օրենք» է անվանում, սրա ֆոնին Վրաստանի իշխող կուսակցությունը հաճախ խոսում է, որ սա ամերիկյան ու ոչ թե ռուսական օրենք է: Չնայած հատկանշական է մի քանի կարևոր տարբերող ֆակտոր: 

Երկրում քննարկվող փափեթի օրինագծերից մեկը, որ «Ժողովրդի ուժը» շարժման կողմից, կոչվում է «Օտարերկրյա ազդեցության մասին»: Երկրորդ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը՝ համարվում է ԱՄՆ կողմից 1938թ որդեգրված FARA  օրենքի թարգմանությունը, որն ընդունվել է նացիստական քարոզչությանը խանգարելու նպատակով: Հետագայում փոփոխվել է օրենքի անունն ու հիմա հիմնականում անդրադառնում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին ու լոբբիստներին: Օրինակ, 2017թ Ռուսաստանի պետության կողմից անմիջականորեն ֆինանսավորվող ու Ռուսաստանի շահերը պաշտպանող «RT TV America»-ն և «Sputnik»-ը, գրանցվել են որպես «օտարերկրյա գործակալներ» ՖԱՐԱ-ում։ Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հարկ է համարել առանձնացնել և հստակեցնել այն հիմնական գործոնները, որոնց միջոցով գնահատվում է կոնկրետ կազմակերպության կամ անձի «օտարերկրյա գործակալ» լինելը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը բացատրում է, որ «օտարերկրյա գործակալ» որակվելու վերջնական որոշումը հիմնված է այն բանի վրա, թե «արդար կլինի արդյոք եզրակացնել, որ անհատը չի գործում ինքնուրույն, չի արտահայտում միայն իր սեփական տեսակետները և հանդես է գալիս որպես օտարերկրյա գործակալ [ներկայացուցիչ»։ ] 

Վրաստանի դեպքում այս օրինագծի թիրախը կլինեն Եվրոպայից և ԱՄՆ-ից ֆինանսավորվող կազմակերպությունները։ Դրա վառ օրինակն այն է, որ, ըստ հեղինակների, բացահայտ ռուսամետ «Ալտ ինֆո» լրատվամիջոցը չի ներառվի այս ռեեստրում, չնայած այն հանգամանքին, որ հովանավոր Կոկո Մարգոշիան բիզնես ունի Ռուսաստանում և ապրում է այնտեղ։ Սրա պատճառն այն է, որ «Ալտ Ինֆո»-ի հովանավորը Վրաստանի քաղաքացի է։

Պարզ ասած՝ կառավարման թիմը պարտավորվել է օտարերկրյա ֆինանսավորվող ՀԿ-ներին և լրատվամիջոցներին, անկախ նրանց գործունեությունից, ինքնաբերաբար հայտարարել որպես օտարերկրյա գործակալ:

Նման օրենքը Ռուսաստանում փաստացի վերացրել է քննադատական մամուլն ու հասարակական կազմակերպությունները: 

Եվրամիությունում, ի դեպ, որին ինտեգրվել հավակնում է Վրաստանը, այս օրենքի նախագծի նմանակը չկա։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: