Երեկվա օրը համառոտ. մարտի 7

Մարտի 7-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Վրաստանում գործող Իլիայի պետական ​​համալսարանի ռեկտոր Նինո Դոբորջգինիձեն արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկման գործընթացին և պարզաբանել, թե այդ օրենքի ընդունման դեպքում ինչ վնասներ կկրի Իլիայի պետական համալսարանը։

Վրաստանի խորհրդարանը Լևան Իոսելիանիին ընտրել է Վրաստանի հանրային պաշտպան։ Իոսելիանին հանրային պաշտպանի պաշտոնում ընտրվել է 96 պատգամավորի քվեարկությամբ՝ 6 տարի ժամկետով։

Նինոծմինդայի մշակույթի տանը կազմակերպվել է նկարիչների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և ինքնակառավարման միավորների այլ ներկայացուցիչներ քաղաքապետարանի վարչական շենքի դահլիճում հյուրընկալել են սակրեբուլոյում և քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող ծառայություններում աշխատող կանանց:

ITB Berlin 2023 ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ այսօր Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից մեկն է, ինչը շատ կարևոր է Վրաստան ժամանող ցանկացած այցելուի համար: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկմանը, ասել է, որ երկրի ապագան ո՛չ օտար երկրների գործակալներին է պատկանում, ոչ էլ` օտարերկրյա ծառաներին։

Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով, 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։ Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի:

Վրաստանի իշխանական լրատվամիջոց համարվող «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Քեթի Փարցխալաձեն քննադատել է խորհրդարան ներկայացված «ռուսական օրենքի» նախագծի հեղինակներին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ օտարերկրյա ուսանողների ծրագիր» կրթաթոշակային ծրագրի 2020-2024 թվականների մասնակիցները արձագանքել են Վրաստանում «օտարերկրյա գործակալների գրանցման մասին» և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերի քննարկմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել է Վրաստանում առաջադրված «ռուսական օրենքները», որոնք իշխող «Վրացական երազանքը» նախատեսում է ընդունել քաղաքացիական սեկտորի ու լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նպատակով։