Իլիայի պետ​​համալսարանի ռեկտորն արձագանքել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկմանը

Վրաստանում գործող Իլիայի պետական ​​համալսարանի ռեկտոր Նինո Դոբորջգինիձեն արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկման գործընթացին և պարզաբանել, թե այդ օրենքի ընդունման դեպքում ինչ վնասներ կկրի Իլիայի պետական համալսարանը։

«Մեր գործընկերների կողմից կրթական ծրագրերի ֆինանսավորման սահմանափակումը, եթե որպես օրինակ վերցնենք միայն մեկ հաստատություն՝ Իլյաունին, նշանակում է` չունենալ Միջազգային կրկնակի դոկտորական ծրագրեր Գյոթինգենի, Մյունստերի, Հալլեի, Մոնպելիեի և Գենտի համալսարանների հետ։ Չունենալ նաև միջազգային մագիստրոսական ծրագրեր Գլազգոյի և Տարտուի համալսարանների հետ, ավելի քան 2000 փոխանակման ծրագրեր եվրոպական և Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարանների հետ», — գրել է համալսարանի ռեկտորը։

Նա ընդգծել է, որ արտերկրից ֆինանսավորում չունենալու դեպքում չի կարողանա Վրաստանում գործել նաև սեյսմիկ մոնիտորինգի կայանների ցանցը (բոլոր կայանները կառուցվել են արտասահմանյան ֆինանսավորմամբ)։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: