Լևան Իոսելիանին Վրաստանի նոր հանրային պաշտպանն է

Վրաստանի խորհրդարանը Լևան Իոսելիանիին ընտրել է Վրաստանի հանրային պաշտպան։ Իոսելիանին հանրային պաշտպանի պաշտոնում ընտրվել է 96 պատգամավորի քվեարկությամբ՝ 6 տարի ժամկետով։ Ի դեպ, հանրային պաշտպան ընտրելու համար անհրաժեշտ էր 90 պատգամավորի ձայն։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Իոսելիանիի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընդունվելուց անմիջապես հետո։

Ի դեպ, քվեարկությունից քիչ առաջ 16 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել խորհրդարանի փոխխոսնակ Իոսելիանիի հանրային պաշտպան ընտրվելու վերաբերյալ։ Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ հանրային պաշտպանի թեկնածության ընտրության գործընթացն իրականացվել է առանց հանրային ներգրավման և մասնակցության, ինչը չի համապատասխանում Եվրամիության 12-րդ հանձնարարականին, խախտում է ՄԱԿ-ի ընդունած «Փարիզյան սկզբունքները» և չի նպաստում հանրային վստահությանը:

ՀԿ-ներն իրենց հայտարարության մեջ նշում են, որ Վրաստանի խորհրդարանում երբ քննարկվում են քաղաքացիական հասարակության դեմ «ռուսական օրինագծերը», որոնք հստակորեն հեռացնում են երկիրը եվրոպական հեռանկարից և տանում հասարակության պառակտման, բոլոր քաղաքական գործիչների նպատակը պետք է լինի կանխել «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած օրինագծի ընդունումը և հանրային պաշտպան ընտրել անկախ, անաչառ ու քաղաքացիական հասարակության վստահություն վայելող մարդու։

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ ՀԿ-ները.

  • «Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստան»,
  • «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» (GRASS),
  • «Ժողովրդավարության պաշտպաններ» (DemDef),
  • «Կանանց նախաձեռնությունների աջակցման խումբ» (WISG),
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ–Վրաստան» (TI-Georgia) և այլն:

Նշենք, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ավարտին` մինչ Լևան Իոսելիանիի առաջադրումը որպես օմբուդսմենի թեկնածու, հանրային պաշտպանի ընտրության բազմամսյա գործընթացը փակուղի մտավ։ Բոլոր 19 թեկնածուները, որոնց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստերում պատգամավորները հարցեր էին տալիս և լսում նրանց դիրքորոշումները, ձախողվեցին։ Թեկնածուների թվում են եղել երեք հոգի, որոնց սատարում էր ընդդիմության զգալի մասը։

Նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին։ Այդ ժամանակվանից օմբուդսմենի պարտականությունները կատարում էր նրա տեղակալ Թամար Գվարամաձեն։