Խորհրդարանը քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը

Վրաստանի խորհրդարանը հայտարարված հինգշաբթի օրվա փոխարեն այսօր սկսում է քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկումը:

«Առաջարկում ենք սկսել օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքի քննարկումը և շարունակել հինգշաբթի օրը»,- ասել է Մամուկա Մդինարաձեն խորհրդարանի լիագումար նիստում։

Մդինարաձեն երեկ՝ մարտի 6-ին, ասել էր, որ խորհրդարանը մարտի 9-ի լիագումար նիստում կքննարկի «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած օրինագծերը։

Ընդդիմության մի մասը նիստին ներկա է լիագումար նիստերի դահլիճում։ Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավորները չեն մասնակցում նիստին։ Խատիա Դեկանոիձեն «Վրացական երազանքին» ասել է, որ հասարակությանը նվաստացնում են, երբ  հապճեպ օրինագծերը քննարկման են դնում։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: