Երկրի ապագան օտարերկրյա գործակալներին չի պատկանում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկմանը, ասել է, որ երկրի ապագան ո՛չ օտար երկրների գործակալներին է պատկանում, ոչ էլ` օտարերկրյա ծառաներին։ Այս թեմայով նա լրագրողների հետ խոսել է Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում։

Ղարիբաշվիլին բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիներին և ընդդիմությանը կոչ է արել «հանգստանալ»․

«Բոլորը պետք է հաշտվեն մի պարզ փաստի և ճշմարտության հետ. մեր երկրի ապագան այլևս չի պատկանելու օտար երկրների գործակալներին, ոչ էլ` օտար երկրների ծառաներին: Մեր երկրի և ժողովրդի ապագան հայրենասերներինն է: Մեր կառավարությունը, իհարկե, օրենքի սահմաններում ապահովում է բոլոր մարդկանց արտահայտվելու ազատությունը, բայց ոչ մի անօրինական գործողություն չենք ներում։ Այնպես որ, թող բոլորը հանգստանան»։

Վարչապետը համարում է, որ օրինագիծն անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ կազմակերպություններ դրսից ստացած ֆինանսավորմամբ իրականացրել են հակակառավարական ցույցեր և սադրիչ միջոցառումներ, որոնք չեն ծառայում երկրի ազգային շահերին։

«Ես հասկանում եմ, որ դա իրենց համար ցավալի է, քանի որ տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել, և չկար թափանցիկություն, հաշվետվողականություն մեր ժողովրդին», — ասել է Ղարիբաշվիլին