Վրաստանի կառավարությունը Դիվանագիտության ակադեմիա է հիմնել

Վրաստանի կառավարությունը հիմնադրել է նոր հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ)՝ Դիվանագիտության ակադեմիա։ Որոշումը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։

Արտաքին գործերի նախարարությունը պետք է իրականացնի Դիվանագիտության ակադեմիայի պետական վերահսկողությունը։ Նախարարությանը նաև հանձնարարվել է հաստատել Դիվանագիտության ակադեմիայի կանոնադրությունը։

«Դիվանագիտության ակադեմիայի ղեկավարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Վրաստանի արտաքին գործերի նախարարը»,- նշված է որոշման մեջ։

Դիվանագիտության ակադեմիային իրավասություն է տրվում դիմել Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն՝ բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալու նպատակով։

Հիշեցնենք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել էր, որ Դիվանագիտության ակադեմիայի հիմնադրման նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող, վերլուծական ուժեղ հմտություններով և բարձր էթիկական չափանիշներով օժտված պրոֆեսիոնալ կադրեր։

Դեռ այն ժամանակ հայտնի դարձավ, որ ակադեմիան շահագրգիռ անձանց առաջարկելու է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի կրթական ծրագրեր։