ՆԳՆ-ն հյուրընկալել է Գույժոու նահանգի պատվիրակությանը

Ներքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Չինաստանի Գույժոու նահանգի պատվիրակությանը։

«Աշխատանքային այցով Վրաստանի ներքին գործերի նախարարություն է այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գույժոու (Կուեյճոու) նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորում էր Գույժոու նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Յանգ Ժուոն։

Պատվիրակության հետ հանդիպում են ունեցել ներքին գործերի նախարարի տեղակալներ Գիորգի Սախոկիան և Շալվա Թադումաձեն։ Հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցության մասին, նաև քննարկվել են գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ ոստիկանական կրթության ուղղությամբ։

Ներքին գործերի նախարարությունում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն։

Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է Հասարակական անվտանգության կառավարման կենտրոն և Ոստիկանության ակադեմիա, որտեղ կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում կողմերը հնարավորություն կունենան իրականացնելու համատեղ կրթական նախագծեր, նաև միմյանց փոխանցելու փորձն ու լավագույն պրակտիկան։

Այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Փորձագիտական-քրեագիտական դեպարտամենտում։ Պատվիրակության անդամները մանրամասն տեղեկացել են ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունների մասին և զննել առկա փորձագիտական լաբորատորիաները։

Այցի ավարտին պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն շարունակել աշխատանքը՝ կողմերի իրավասությունների մեջ մտնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով»,- հաղորդել է ՆԳՆ-ն։