Շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, ավիացիոն նավթինը՝ նվազել

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթի ներմուծումը` նվազել։

Ըստ հաղորդագրության` 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին քսանյութերի ներմուծումը կազմել է 2,98 հազար տոննա, ինչը 0,03 հազար տոննայով կամ 1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ընթացիկ տարվա 2 ամիսների ընթացքում քսանյութերի ամենամեծ ծավալը ներկրվել է Թուրքիայից՝ 0,76 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 25,5 տոկոսը։ Հաջորդը` Իրանը, 0,54 հազար տոննա՝ 18,1 տոկոս, Գերմանիա՝ 0,34 հազար տոննա՝ 11,4 տոկոս, Ռուսաստան՝ 0,17 հազար տոննա՝ 5,7 տոկոս և այլն:

Միության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին ավիացիոն նավթի ներմուծումը կազմել է 14,8 հազար տոննա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել է 3 հազար տոննայով կամ 16,8 տոկոսով։

Ընթացիկ տարվա 2 ամիսների ընթացքում ավիացիոն նավթի ներմուծման 56,1 տոկոսն իրականացվել է Թուրքմենստանից, 36,5 տոկոսը՝ Հունաստանից, 7,4 տոկոսը՝ Ադրբեջանից։