«Գործակալների» օրինագծի քննարկմանը զուգընթաց բողոքի ակցիան վերսկսվել է

Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի քննարկմանն ուղեկցող բողոքի ակցիան վերսկսվել է։ Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված են շարքային քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հասարակության այլ անդամներ։

«Եթե իշխանությունը չի ընկալում հանրության ձայնը, ապա դժվար է խոսել լծակների մասին… Միակ բանը, որ, ըստ իս, հարկավոր է անել` այն է, որ վրաց ժողովուրդը պետք է ոտքի կանգնի՝ պաշտպանելու վրացական պետությունը, եվրոպական ընտրությունը և ազատությունը, քանի որ իշխանությունները, կարծես, ոչ միայն վաճառել են վրաց ժողովրդին, այլև զոհաբերել են նրանց»,- ասել է քաղաքական գործիչ Գեդևան Փոփխաձեն։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: