«Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում էր, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը նիստին կներկայացվեն հինգշաբթի՝ մարտի 9-ին։ Այդուհանդերձ, այսօր՝ մարտի 7-ի նիստին օրվա վերջում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն առաջարկել է այսօր քննարկել օրինագիծը։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկմանը զուգահեռ, կրկին բողոքի ակցիա է ընթանում: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված են շարքային քաղաքացիներ, ուսանողներ, դասախոսներ, քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հասարակության այլ անդամներ։

Հարկ է նշել, որ այսօրվա ցույցը վերսկսվել է այն պատճառով, որ խորհրդարանի լիագումար նիստում որոշվել է «գործակալների» մասին օրինագծերի քննարկումները մարտի 9-ի փոխարեն սկսել այսօրվա նիստում:

Ռուսթավելիի պողոտան ամբողջությամբ փակ է: Նշենք, որ ցույց է անցկացվել նաև երեկ և այսօր առավոտյան, նաև` մարտի 2-ին:

Խորհրդարանի երկու կողմի մուտքերի մոտ մեծ թվով ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են մոբիլիզացված:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: