Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում զոհվածների հիշատակը

Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում զոհված ուկրաինացիների և վրացիների հիշատակը:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկմանը զուգահեռ, կրկին բողոքի ակցիա է ընթանում: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված են շարքային քաղաքացիներ, ուսանողներ, դասախոսներ, քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հասարակության այլ անդամներ։

Հարկ է նշել, որ այսօրվա ցույցը վերսկսվել է այն պատճառով, որ խորհրդարանի լիագումար նիստում որոշվել է «գործակալների» մասին օրինագծերի քննարկումները մարտի 9-ի փոխարեն սկսել այսօրվա նիստում:

Ռուսթավելիի պողոտան ամբողջությամբ փակ է: Նշենք, որ ցույց է անցկացվել նաև երեկ և այսօր առավոտյան, նաև` մարտի 2-ին:

Խորհրդարանի երկու կողմի մուտքերի մոտ մեծ թվով ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են մոբիլիզացված:

Բողոքի ակցիան վերսկսվել է, խորհրդարանը քննարկում է «գործակալների» օրինագծերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ